Ռուսական ռուբլին ամրապնդվում է՝ պատճառները
Ռուսաստանի Դաշնության ազգային արժույթը շարունակում է ամրապնդվել. Ներկայում մեկ դոլարի փոխարժեքը 88 ռուբլի է՝ նախորդ ամիս գրանցված 102 ռուբլու փոխարեն, այսինքն՝ գործ ունենք գրեթե 14 տոկոս ուղղման հետ։
Ռուսական ռուբլու ամրապնդումը պայմանավորված է մի շարք պատճառներով, որոնցից գլխավորը էներգետիկ ռեսուրսների վաճառքից ստացված եկամուտներն են։ Նավթը թանկ վաճառելով՝ ՌԴ կառավարությանը հաջողվում է ավելացնել բյուջեի եկամուտները, բացի այդ, էներգետիկ ընկերությունները պարտավոր են արտարժույթով ստացված եկամուտները փոխարկել ազգային արժույթի, ինչը նպաստում է ռուբլու արհեստական ամրապնդմանը։
Մեկ այլ կարևոր գործոն է կապիտալի նկատմամբ վերահսկողության խստացումը, որն ուժի մեջ է մտել անցյալ ամիս:
Բացի այդ, ընկերությունները պարտավոր են դոլարով և եվրոյով իրենց եկամուտները վերածել ռուբլու, ինչը նպաստում է ռուսական ազգային արժույթի նկատմամբ պահանջարկի ավելացմանը։
Նշենք, որ անցյալ ամիս Ռուսաստանի Կենտրոնական բանկը որոշել էր խստացնել դրամավարկային քաղաքականությունը և բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 200 բազիսային կետով։ Փոփոխության արդյունքում երկրում վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասել է 15%-ի։