Համաշխարհային շուկաներում նավթն էժանանում է
Նավթի գները համաշխարհային շուկաներում նվազում են: Վերջին տվյալներով՝ բորսաներում Brent տեսակի վառելիքի գինը մեկ բարելի դիմաց կազմում է 77,71 դոլար, իսկ ամերիկյան WTI տեսակի նավթի գինը՝ 72,74 դոլար մեկ բարելի դիմաց։
Նշենք, որ թե՛ Brent-ի, թե՛ WTI տեսակի վառելիքի գները սկսել են նվազել անցյալ տարվա վերջին։ Դեկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի անմշակ նավթն արժեր 75,57 դոլար, իսկ Brent-ը՝ 80,85 դոլար։
Միևնույն ժամանակ վառելիքի աշխարհի խոշորագույն արտադրող Saudi Aramco-ն նվազեցրել է իր առաջատար Arab Light նավթի գինը փետրվարյան մատակարարումների համար: Գների անկումն անդրադարձել է բոլոր մարզերի վրա: Ինչպես գրում է Bloomberg-ը, գնի նվազումը տեղի է ունեցել պահանջարկի նվազման ֆոնին։
Գործակալության տվյալներով՝ ասիական շուկաներ մատակարարումների գինը նվազել է 1,5-2 դոլարով՝ մեկ բարելի դիմաց։ Բացի այդ, գները նվազել են Հյուսիսարևմտյան Եվրոպայում, Միջերկրական և Հյուսիսային Ամերիկայում։