Վրաստանում որքան արժեն արծաթե զարդերը
Ոսկու նման, համաշխարհային շուկայում թանկանում է նաև արծաթը: Comex բորսայում մեկ ունցիա արծաթի գինը կազմում է 31.92 դոլար, ինչը մեկ ամսվա ընթացքում գրեթե 8%-աճ է, իսկ տարեկան կտրվածքով արծաթի գինը բարձրացել է 41%-ով: արծաթի համար այսքան բարձր գին վերջին անգամ գրանցվել է 2012 թվականի օգոստոսի 18-ին, երբ բորսաներում մեկ ունցիան վաճառվում էր 34.76 դոլարով:
Վերլուծաբանները արծաթի թանկացումը կապում են նաև Դաշնային պահուստային բանկի մոնետար քաղաքականության ակտիվ մեղմացման հետ: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (Fed), որը կատարում է երկրի կենտրոնական բանկի գործառույթը, բազային տարեկան տոկոսադրույքը նվազեցրեց 50 կետով՝ մինչև 4.75-5.25%:
Համաշխարհային շուկայի նման արծաթի գները բարձրացել են նաև Վրաստանում: «Ոսկու բորսայում» նշում են, որ այս պահին 925 հարգի արծաթե զարդերի մեկ գրամի գինը սկսվում է 6.5 լարից և գերազանցում է 10 լարին: Գները կախված են ինչպես զարդի տեսակից, այնպես էլ արտադրողից: Վաճառողների խոսքով, արծաթի գինը հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում զգալիորեն աճել է, մինչ այդ մեկ գրամի արժեքը սկսվում էր 4 լարից։