Տնտեսություն
Պայքար Եվրամիության շուկայի համար և ռիսկեր, որոնք առաջացնում է ռուսական շուկան
Պայքարը Եվրոպական շուկայում հաստատվելու համար և այն ճանապարհը, որը Մեսխեթի ֆերմերներն անցնում են տարիներ շարունակ՝ իրենց արտադրանքը Եվրոպա արտահանելով, կայուն եկամուտ ստանալու և արտադրանքը ճանաչելի դարձնելու համար:
Ախալցխացի Գիորգի Մերաբիշվիլին տեղական մեղրի արտադրությունը սկսել է դեռևս 2011 թվականից։ 2018 թվականից նա մասնակցել է միջազգային մրցույթների և փառատոնների՝ իր արտադրանքը հանրայնացնելու նպատակով և վերադարձել է բազմաթիվ մրցանակներով։ Չնայած նրան, որ Եվրոպական շուկայի համար բոլոր պահանջներին համապատասխանում է, երկար տարիների պայքարից հետո դեռ չի կարողացել հասնել իր նպատակին։ Ինչպես նշում է Գիորգին, հիմնական խնդիրն արտադրության փոքր ծավալներն են, ինչը չի համապատասխանում եվրոպական շուկայի պահանջներին։
Գիորգի Մերաբիշվիլիի հիմնական մտահոգությունն այժմ այնպիսի գործընկեր կամ դոնոր գտնելն է, ով ֆինանսապես կաջակցի նրան։ Այդ դեպքում նա կկարողանա արտադրել անհրաժեշտ քանակությամբ մեղր և կայուն կերպով մատակարարել այն Եվրոպական շուկային, մինչդեռ ստիպված է շարունակել կախված մնալ տեղական շուկայից։
«Խորհրդային Միության փլուզումից հետո, ճանապարհների բացումից հետո, սկսեցի արտադրանքը արտահանել Եվրոպական երկրներ։ Մինչ այդ հիմնականում իրացնում էի արտադրանքս Վրաստանում և փոքր քանակությամբ՝ Ռուսաստանում»,- ասում է Ախալքալաքցի Արշալույս Գալստյանը, ով մի քանի տասնամյակ զբաղվում է օտարահամեմունքների արտադրությամբ։
Ջավախեթիից ֆերմերը իր արտադրանքի արտահանումը Եվրամիության շուկա սկսել է հինգ տարի առաջ՝ պահպանելով որակի բարձր չափանիշները։ Նա նշում է, որ Եվրոպայում օտարահամեմունքները տեղափոխում է նավով կամ ինքնաթիռով։ Այնտեղ դրանք փաթեթավորվում են և տեղադրվում շուկաներում։ Չնայած փոքր ծավալներին, Գալստյանը կարողանում է կայուն կերպով մատակարարել ԵՄ շուկան համեմունքներով։ Ներկայումս նա համեմունքներ է արտահանում Լեհաստան, Նիդեռլանդներ և փոքր քանակությամբ՝ Գերմանիա։
ԵՄ շուկայի պահանջները լիովին բավարարելու և արտադրանքի ծավալը մեծացնելու համար Արշալույս Գալստյանին անհրաժեշտ է արտադրանքի բրենդավորում։ Նա մինչ օրս համեմունքները մշակում է ձեռքով, ինչը բավականին դժվար գործընթաց է։ Անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման դեպքում նա հույս ունի, որ կկարողանա կարճ ժամանակում արտադրել ավելի մեծ քանակությամբ արտադրանք։
Ֆերմերը ԵՄ-ի հետ համագործակցելուց բացի ունի իր արտադրանքը Ռուսաստանի շուկա արտահանելու փորձ։ Նա ծանոթ է երկու շուկայի պայմաններին և համոզված է, որ օտարահամեմունքների վաճառքի համար ավելի անհրաժեշտ է Եվրոպական շուկան, քան Ռուսասկանը։ Արշալույսը խոսում է այն վտանգների և ռիսկերի մասին, որոնք ռուսական շուկան կարող է ստեղծել ցանկացած ֆերմերի համար։
«Բացի կայունությունից, Եվրոպա արտադրանք արտահանելն ավելի հեշտ է և առանց ռիսկի, քանի որ ամեն ինչ իրականացվում է օրինական ճանապարհով։ Ռուսաստանում սահմանը հատելիս նախ կախված ես սահմանապահ աշխատակցի տրամադրությունից՝ թույլ կտա, թե ոչ։ Եթե անցար սահմանը, ապա կարող է հանդիպել այնքան խոչընդոտ, որ վերջում դա դառնում է անստաբեր։ Ռուսաստանի շուկայի վրա ես չէի կարող ապավինել»,- ասում է Արշալույսը։
Ռուսական շուկան վրացական արտադրանքի համար ոչ միայն անկայուն և ռիսկային է, այլև հաճախ առաջարկում է զգալիորեն ավելի ցածր գներ։ Այս մասին նշում են նաև Մրգի և բանջարեղենի արտահանողների ասոցիացիայում։ Վախթանգ Բեժիտաշվիլիի խոսքով՝ չնայած ռուսական շուկայի անկայունությանը, վրացական գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը դեռ արտահանվում է Ռուսաստան և նախկին Խորհրդային Միության երկրներ։
«Խորհրդային Միության փլուզումից հետո մեր շուկայում շատ բան չի փոխվել։ Արտահանման առումով գերիշխող երկրներն այժմ էլ Ռուսաստանն ու նախկին Խորհրդային Միության երկրներն են։ Այսինքն մարդիկ արդեն սովոր են դրան։ Տարածաշրջանային առումով Ռուսաստանն ավելի մոտ է, և մեր արտադրանքն ավելի հարմարեցված է ռուսական շուկային։ Ռուսական շուկան, իհարկե, անկայուն է՝ թե՛ գների, թե՛ քաղաքական առումով։ Ցանկացած պահի կարող են փակել այդ շուկան, ինչպես նախկինում եղել է բազմաթիվ անգամ»,- նշում է Բեժիտաշվիլին։
Վախթանգ Բեժիտաշվիլին հավելում է, որ ԵՄ շուկան շատ ավելի կայուն է, սակայն Վրաստանն այդ շուկայում համագործակցության մեծ փորձ չունի։ Եվրոպական շուկան ունի իր չափանիշները՝ կապված ինչպես փաթեթավորման, այնպես էլ արտադրանքի որակի, քանակի, կայունության և գնի հետ։ Եվրոպական շուկայում Վրաստանը մեծ հեռանկար ունի, սակայն չափանիշներին համապատասխանելու համար դեռ շատ աշխատանք կա կատարելու, և այս ուղղությամբ պետք է հավասարապես հոգան թե՛ մասնավոր սեկտորը, թե՛ պետությունը։
«Ռուսաստան կարելի է փոքր քանակությամբ արտադրանք արտահանել, այդ թվում՝ անգամ մեկանգամյա ծավալներով։ Այնտեղ գործում են մեծածախ շուկաներ, որտեղ արտահանողը կարող է տեղում վաճառել իր արտադրանքը։ Եվրոպայում նման շուկաներ չկան, այնտեղ միայն խոշոր առևտրային ցանցեր են։ Ռուսաստանյան շուկայի տարբերությամբ, ԵՄ-ում պահանջվում են մեծ պայմանագրեր, բանկային փոխանցումներ և արտադրանքի իրացման այլ պաշտոնական մեխանիզմներ։ Այս ամենը եվրոպական շուկան դարձնում է շատ ավելի հարմարավետ և կայուն, քան ռուսականը։ Մեր երկրում բոլոր ոլորտների ամրապնդումն ու եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը պահանջում են կրթություն, ֆինանսներ և, որ ամենակարևորն է, քաղաքական կամք, որպեսզի պետությունն ու մասնավոր հատվածը միասին աշխատեն։ Կան փոքր նախագծեր, բայց առայժմ շոշափելի արդյունք չկա։ Այս առումով աշխատանքը շատ է»,- ասում է Բեժիտաշվիլին։
Վերջին շրջանում երկրում զարգացած իրադարձությունները վտանգի տակ են դրել Վրաստանի եվրոպական հեռանկարները։ Ոլորտի մասնագետների կարծիքով, եթե ԵՄ-ն կասեցնի Վրաստանի վիզայի ազատականացումը և դադարեցնի ֆինանսավորումը, դա կխոչընդոտի Վրաստանից դեպի Եվրոպա արտահանման աճը։
«Գյուղատնտեսությանը աջակցող բազմաթիվ կազմակերպություններ և հիմնադրամներ կան, որոնք ֆինանսավորում են, ուսուցանում եվրոպական ժամանակակից չափանիշներին համապատասխան, ներմուծում նոր տեխնոլոգիաներ, և այս ամենը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Եթե այսօր գյուղատնտեսության մեջ խնդիրներ ունենք, դա հենց այն պատճառով է, որ ոլորտը դեռևս չի համապատասխանում եվրոպական չափանիշներին»։
Ներկայումս մրգերից և բանջարեղենից ամենակայուն արտահանումը դեպի Եվրոպա կապույտ հապալասի և կանաչիի ոլորտում է, ինչը, սակայն, ծավալով շատ ավելի փոքր է, քան դեպի Ռուսաստան արտահանվող արտադրանքը։
Արտահանման առումով, ռուսական և հետխորհրդային երկրները մնում են Վրաստանի հիմնական շուկաները, ինչը հաստատվում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2024 թվականին ընդհանուր արտահանման 68.6%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին և այլ հետխորհրդային երկրներին։ Մեր արտադրանքի միայն 8%-ն է հայտնվել ԵՄ շուկայում, իսկ մնացածը բաժանվել է այլ երկրների միջև։ Երկրի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում առաջին տեղերը զբաղեցնում են Թուրքիան և Ռուսաստանը, իսկ Եվրոպական երկրներից հինգերորդ տեղում է Գերմանիան։
Թե ինչ չափով կարող է Եվրոպական շուկան նպաստել Վրաստանի տնտեսության աճին, դժվար է հստակ թիվ նշել, սակայն տնտեսության զարգացման և կայունության ապահովման մեջ դրա մեծ դերը բոլորին է հայտնի։ Փորձագետները միակարծիք են, որ անհրաժեշտ է հետևել Եվրոպայի չափանիշներին և պահպանել ազատ առևտրի կանոնները։
«Եվրոպական շուկա դուրս գալը պետք է դիտարկել որպես կայուն, երկարաժամկետ և միջնաժամկետ գործընթաց։ Այս ժամանակահատվածում Վրաստանում գործող բոլոր ոլորտները, որոնք ցանկանում են մուտք գործել եվրոպական շուկաներ, պետք է կենտրոնանան շուկայի պահանջների վրա։ Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումից հետո մենք բախվեցինք բազմաթիվ խնդիրների՝ սկսած համավարակից մինչև ֆինանսական այլ դժվարություններ։ Եվրոպական շուկաներում փոփոխվեցին ստանդարտները, ուստի անհրաժեշտ է ժամանակ և մեծ ջանք, եթե ցանկանում ենք հարմարվել եվրոպական շուկային և ստանալ շատ ավելի մեծ շահույթ, քան Ռուսաստանը կարող է առաջարկել»,- ասում է տնտեսագետ Կախա Դաուշվիլին։
«Այն, որ ռուսական շուկա վրացական արտահանումն աճում է, իսկ եվրոպական շուկա՝ նվազում, մեզ ավելի կախված է դարձնում Ռուսաստանից։ Ցավոք, արտահանումն ավելանում է ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի ուղղությամբ, ինչը մեզ միջազգային մեկուսացման մեջ է դնում»,- նշում է տնտեսագիտության դոկտոր Ակակի Ցոմաիան։
Փորձագետների կարծիքով, այս երկրներից ստացված եկամուտները, թեև նպաստում են տնտեսության աճին, սակայն անկայուն են և ամբողջովին կախված են քաղաքական կամքից։ Այդ պատճառով ցանկացած պահի Վրաստանը կարող է մեծ վնասներ կրել, ինչպես նախկինում արդեն մի քանի անգամ եղել է։ Տնտեսագետները նաև ընդգծում են, որ Եվրոպական շուկան ոչ միայն կայուն է, այլև եկամուտի առումով ամենախոշոր շուկան է, որտեղից Վրաստանի տնտեսությունը կարող է մեծ օգուտ ստանալ։
«Շատ կարևոր է Վրաստանի համար վիզայի ազատականացման պահպանումը և Եվրոպական ինտեգրացիան, ինչը նշանակում է մեծ ծավալի ներդրումների ներգրավում երկրում։ Սա մեզ կօգնի արտադրանքը համապատասխանեցնել անհրաժեշտ չափանիշներին և իրականացնել արտահանում եվրոպական շուկաներ»,- ասում է Ակակի Ցոմաիան։
Եթե Վրաստանի կառավարության հիմնական նպատակը լինի եվրոպական ինտեգրացիան, ապա հնարավոր է կյանքի մակարդակով հասնել այնպիսի երկրներին, ինչպիսիք են Բուլղարիան և Ռումինիան։ Արտահանությունից զատ, Եվրոպայի հետ հարաբերությունները հանդիսանում են շարունակական գործընթաց, քանի որ համագործակցությունը ենթադրում է նաև ինստիտուտների անկախություն, օրենքի գերակայություն, արդար ընտրություններ և բոլոր այն ինստիտուտների ամրապնդում, որոնք կբարձրացնեն կյանքի մակարդակը։ Այս նույնը տեղի ունեցավ Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում և այն երկրներում, որոնք ընտրեցին եվրոպական արժեքները։ Հակառակ դեպքում, Վրաստանը կհայտնվի ոչ միայն առևտրի, այլև բոլոր ուղղություններով միջազգային մեկուսացման մեջ և կկիսի Ռուսաստանի, Իրանի, Վենեսուելայի, Ղրղզստանի և այն բոլոր երկրների ճակատագիրը, որոնք ժողովրդավարության փոխարեն ընտրեցին ապրել ավտորիտար ռեժիմում։
Ինչպես է գնահատում ստեղծված իրավիճակը Վրաստանի կառավարությունը, ինչ քայլեր են ձեռնարկվում տեղական ֆերմերներին և ընկերություններին աջակցելու համար, որպեսզի նրանք կարողանան իրենց արտադրանքը արտահանել Եվրոպա, այս հարցերին պատասխանները դեռ սպասվում են տնտեսության և կայուն զարգացման նախարարությունից։
Տարածեք :