Կաթնամթերքի գները կբարձրանան 10-15%-ով՝ փորձագետների կարծիքը
«Կաթնամթերքի գրեթե ամբողջ տեսականու գները կբարձրանան 10-15%-ով միայն Թբիլիսիի քաղաքապետարանի որոշման պատճառով», – հայտարարել է Վրաստանի «Դիստրիբյուտորների բիզնես ասոցիացիայի» նախագահ Լաշա Ռիժամաձեն:
Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 1-ից դիստրիբյուցիոն ավտոմեքենաներին արգելվել է շարժվել մայրաքաղաքում գագաթնակետային ժամերին (08:00-ից 11:00-ը և 17:00-ից 20:00-ը)։
Ռիժամաձեի խոսքով՝ կաթնամթերքի գների բարձրացումը անխուսափելի է, քանի որ այս ապրանքատեսակը մատակարարվում է այնպիսի տրանսպորտային միջոցներով, որոնց վրա տարածվում է սահմանափակումը։ Այս որոշումն առաջացնում է լրացուցիչ ֆինանսական ծախսեր, որոնք բիզնեսին հնարավորություն չեն տալիս գործել առանց գների փոփոխության։
Նա նշել է, որ բիզնեսը պատրաստ չէր այս փոփոխությանը, քանի որ նախորդ ամիսների ընթացքում քննարկվում էին այլ կարգավորումներ՝ կապված գիշերային ժամերին մատակարարման պարտադրանքի հետ։ Սակայն որոշումը փոփոխվեց ընդամենը մեկ շաբաթ առաջ, ինչը բիզնեսին ժամանակ չթողեց պատրաստվելու։
Հիշեցնենք, որ սահմանափակումները չեն տարածվում հանրային տրանսպորտի, շտապօգնության, հրշեջ ծառայության, պետական նախագծերի, ուսանողների և զբոսաշրջային խմբերի տրանսպորտային միջոցների վրա։ Խախտման համար սահմանված է 1,000 լարի տուգանք, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ 3,000 լարի։
Սահմանափակումները չեն գործում շաբաթ-կիրակի օրերին, տոնական օրերին և օգոստոս ամսին։