«Լարին արժեզրկվել է 6%»- Ինչպես է ներքին քաղաքական ճգնաժամը ազդել տնտեսության վրա
«Արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցներն ու ներքին քաղաքական ճգնաժամը որոշ չափով արդեն անդրադարձել են Վրաստանի տնտեսության վրա», - այս մասին նշված է «Միջազգային Թափանցիկություն- Վրաստանին» կազմակերպության հրապարակած հաշվետվությունում։
Ավելի կոնկրետ, տարեկան կտրվածքով Վրաստանի տնտեսության աճի տեմպը նվազել է 9.6%-ից մինչև 6.7%, լարին արժեզրկվել է 6%-ով, արտարժույթի պահուստները նվազել են 560 միլիոն դոլարով, իսկ քաղաքացիները 2 միլիարդ դոլարի չափով ավանդները փոխակերպել են լարիից դոլարի, ներդրումային միջավայրը վատթարացման միտում ունի։
«2024 թվականի առաջին երեք եռամսյակներում ուղղակի օտարերկրյա ներդրումները Վրաստանում նվազել են 40%-ով։ Երրորդ եռամսյակում ներդրումների կրճատումը կազմել է 55%, սակայն առավել մեծ անկում՝ 70%-ը, գրանցվել է առաջին եռամսյակում (հունվար-մարտ)։ Հետևաբար, հնարավոր չէ պնդել, որ ներդրումների այս անկումը կապված է «ռուսական օրենքի» ընդունման հետ։ Այնուամենայնիվ, «ռուսական օրենքի» ընդունումը, ներքին քաղաքական անկայունությունն ու պատժամիջոցները կազդեն ապագա ներդրումների վրա։
Ներքին քաղաքական անկայունության և պատժամիջոցներից բխող մեկուսացման վտանգն արդեն որոշ չափով ազդել է բանկային ավանդների կառուցվածքի, լարիի փոխարժեքի և Վրաստանի ազգային բանկի արտարժույթի պահուստների վրա։ Տնտեսության որոշ հատվածներում (օրինակ՝ ռեստորաններ և հյուրանոցներ) ակտիվությունը նվազել է, սակայն ընդհանուր առմամբ տնտեսական անկում տեղի չի ունեցել։
Հաշվետվության մեջ նշվում է, որ ապագայում տնտեսական իրավիճակի վատթարացումը կախված կլինի հնարավոր պատժամիջոցների ծավալից և բովանդակությունից։ Հետազոտության մեջ ընդգծվում է, որ «պատժամիջոցների ընդլայնումը, իր հերթին, պայմանավորված կլինի քաղաքական ճգնաժամի շարունակությամբ»։
«Վրաստանի տնտեսության հիմնական ռիսկերը բխում են դրա առանձնահատկություններից՝ բարձր առևտրային դեֆիցիտ, դեֆիցիտային պետական բյուջե և կախվածություն արտաքին ներդրումներից ու վարկերից։ Այս գործոնները Վրաստանը դարձնում են ավելի խոցելի հնարավոր պատժամիջոցների նկատմամբ, քան նախորդ տարիներին պատժամիջոցների ենթարկված այլ երկրները։ Արտաքին բալանսի վատթարացումը կհանգեցնի լարիի զգալի արժեզրկման, ինչը կբարձրացնի գնաճը, տոկոսադրույքներն ու վարկային ծախսերը, կնվազեցնի քաղաքացիների ազատ ծախսվող եկամուտները», - նշված է «Միջազգային Թափանցիկություն- Վրաստանին» կազմակերպության հաշվետվությունում։