Ռուսաստանի զինված ուժերը անցած գիշեր հարձակում են իրականացրել Կիևի վրա՝ մարտական անօդաչու սարքերով։
Քաղաքի իշխանությունների տեղեկությամբ՝ մայրաքաղաքի մի քանի շրջաններում հրդեհ է բռնկվել։
«Թշնամու հարձակման հետևանքով ոչնչացված անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու պատճառով հրդեհ է բռնկվել Կիևի Սվյատոշինսկի և Դարնիցկի շրջաններում։ Վնասվել է մասնավոր տուն և ոչ բնակելի շինություն։ Տեղում փրկարարներն են աշխատում», – նշված է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի հայտարարությունում։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով՝ Սվյատոշինսկի շրջանում երկու մարդ վիրավորվել է։
Ռուսական մարտական անօդաչու սարքերը գիշերը հարձակում են իրականացրել նաև Խարկովի վրա։ Քաղաքում լսվել են պայթյուններ։
Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ Խարկովի վրա իրականացվել է «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերի երեք հարված, որոնցից երկուսը՝ Նեմիշլյանսկի շրջանում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։