Հասարակություն
«Չեմ պատվաստվելու»,- ինչ գիտեն փոքրամասնությունները պատվաստումների մասին
Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների իրազեկվածության մակարդակի բարձրացումը և մայրենի լեզվով համաճարակի հետ կապված տեղեկատվության մատուցումը երկրի համար շարունակում է մնալ մարտահրավեր: Քաղաքացիական հատվածի, լրատվամիջոցների կամ պետության կողմից `բնակչությանը պատվաստման գործընթացում ակտիվորեն ներգրավելու փորձերը դեռևս խնդիր են: Ախալցիխեի, Ախալքալաքի և Նինոծմինդայի գյուղերում բնակիչների պատասխանները պատվաստումների վերաբերյալ գրեթե նույնն են:
«Անգամ եթե դառնա պարտադիր, միևնուն է չեմ պատվաստվեկու: Եթե պետք է մահանամ, ապա միայն բնական մահով: Ոմանք ասում են, որ պատվաստանյութեր ներարկելով թոշակառուների մահն են ուզում: Եթե ցանկանում են ոչնչացնել մարդկությանը, թող ռմբակոծեն միանգամից և հանգստանան, ինչու՞ են այսքան տանջում»,- Ախալցիխեի գյուղ Ծինուբանից ասում է Շուշան Մանասովը:
«Ես և իմ ընտանիքը չենք պատվաստվելու, հնարավոր է մեկ այլ բան ներարկեն և տարբեր հիվանդություններով վարավվենք ու մահանանք»,- մտահոգված է Ախալքալաքի Մեծ Սամսար գյուղի բնակիչ՝ Տիգրան Ավագյանը:
Պատվաստումների առասպելներում խորացած բնակչությունը պնդում է նաև, որ պատվաստանյութերը փողի աղբյուր են, իսկ պատվաստումները ուղղակիորեն կապված են քաղաքականության և բիզնեսի հետ:
«Պատվաստանյութ չեմ ընդունելու, քանի որ եթե անգամ կորոնավիրուսով վարակված չլինեմ, միևնույն է կասեն, որ պետք է պատվաստվեմ, կարծում եմ, որ այս ամենը բիզնես է»,- ասում է Նինոծմինդայի գյուղ Սաթխայի բնակիչ՝ Մհեր Ղուկասյանը:
«Ես չեմ պատվաստվելու, սուտ է: Դեղորայք իրականում չկա և արդեն ոչ ոքի չեմ վստահում»,- ասում է Ախալցիխեի Աբաթխև գյուղի բնակիչ՝ Նատալիա Թորոսյանը:
Որպեսզի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները անհրաժեշտ տեղեկատվություն ստանան Կովիդ 19 դեմ պատվաստանյութի վերաբերյալ, կենտրոնական և տեղական իշխանությունները տարատեսակ գործողություններ են իրականացնում: Նահանգապետ՝ Բեսիկ Ամիրանաշվիլիի խոսքով, Ախալքալաքի և Նինոծմինդայի լրատվամիջոցները հայերենով հեռարձակում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները պատվաստումների կարևորության մասին:
«Բոլորն ունեն համապարփակ տեղեկատվություն կորոնավիրուսի մասին: Ինչ վերաբերում է Համակարգող խորհրդի որոշումների ընդունմանը, մենք այս տեղեկատվությունը թարգմանում ենք փոքրամասնությունների համար ընդունելի լեզվով: Թարգմանված հայտարարությունները տարածվում են ինչպես մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, այնպես էլ լրատվամիջոցներում: Պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական արշավը կարևոր է `ապահովելու համար, որ բոլոր քաղաքացիները ունենան ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն: Կարծում եմ, որ մեր քաղաքացիները առավելագույն պատասխանատվություն կստանձնեն պատվաստումների գործընթացին մասնակցելու համար», - հայտարարում է Բեսիկ Ամիրանաշվիլին:
Վրաստանի բնակչության իրազեկվածությունը կորոնավիրուսի, կանոնակարգերի և պատվաստումների վերաբերյալ կարևոր է, հատկապես էթնիկ փոքրամասնությունների համար, - բացատրում է կլինիկաների ասոցիացիայի նախագահը: Ըստ Վիլի Պաճկորիայի, պատվաստանյութերի վերաբերյալ տրամադրությունները ցրելու համար անհրաժեշտ է ճիշտ և հետեւողական տեղեկատվական արշավ անցկացնել ինչպես պետական, այնպես էլ փոքրամասնությունների համար հասանելի լեզուներով:
«Մենք պատվաստանյութը ստացանք շատ քրտնաջան աշխատանքից հետո, բայց պարզվեց, որ բնակչությունը հոգեպես անպատրաստ էր: Արդյունքում, տեղեկատվության պակասի պատճառով, երկրում պատվաստումը կարող է ձախողվել»:
Ըստ նրա, Վրաստանում տեղեկատվական քարոզարշավը պետք է սկսվեր հունվարից, իսկ տարբեր լեզուներով տպված գրքույկներն ու բրոշյուրները բաժանվեին բնակչությանը ժամանակին: Կլինիկաների ասոցիացիայի հիմնադրի խոսքով ՝ շատ անձանց իրազեկվածությունը նշանակում է թվով շատ պատվաստված մարդիկ:
«Պատվաստումը փրկման միակ միջոցն է: Որքան շուտ գործընթացը սկսվի երկրում, այնքան արագ Վրաստանը կվերադառնա կյանքի սովորական ռիթմին: Դրա համար կարևոր է բնակչությունը գիտակցի, որ այս պատվաստանյութը վտանգավոր չէ: Covid19- ի դեմ պատվաստանյութը նույնքան անվտանգ է, որքան կարմրուկի, գրիպի դեմ պատվաստանյութերը և այլն», - հավաստիացնում է Վիլի Պաճկորիան:
Որքանով է տեղեկացված բնակչությունը կորոնավիրուսի պատվաստանյութի մասին – հարցին պատասխանելու համար կան NDI ուսումնասիրությունները: Մարտի 23-ին հրապարակված տվյալների համաձայն ՝ հարցվածների 53% -ը չի պատրաստվում ընդունել կորոնավիրուսի պատվաստանյութ: Բնակչության միայն 35% -ն է համաձայն պատվաստվելու մտքին, մինչդեռ 12% -ը չգիտի ինչպես վարվել:
Նույն զեկույցի համաձայն, բնակչության 74% -ը վստահում է բժշկական աշխատողներին, 19% -ը՝ չի վստահում:
62% -ը վստահում է կառավարության կողմից վիրուսի մասին տարածված տեղեկատվությանը, մինչդեռ 30% -ը իշխանության հրապարակուները անհիմն է համարում:
56% -ը վստահություն ունի լրատվամիջոցների նկատմամբ, 34% -ը չի հավատում լրագրողներին:
47% -ը վստահում է հոգևոր առաջնորդին / եկեղեցուն կորոնավիրուսի պատվաստանյութի վերաբերյալ, 15% -ը անվստահություն է հայտնում եկեղեցուն, իսկ 33% -ը հոգևորականությունից տեղեկություններ չի ստանում Covid-19- ի մասին:
NDI-ի հետազոտությունն անցկացվել է 2020 թվականի դեկտեմբերի 17-24-ը ընկած ժամանակահատվածում: Հեռախոսային հարցազրույցների միջոցով երկրի ողջ տարածքում (բացառությամբ գրավյալ տարածքների) զրուցել են 2053 մեծահասակների հետ: Հարցազրույցներն անցկացվել են վրացերեն, ադրբեջաներեն, հայերեն և ռուսերեն լեզուներով:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
Տարածեք :