Զանգվածային բողոք, ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների՝ ցույց Ֆրանսիայում
Ֆրանսիայում այսօր՝ մարտի 28-ին, բողոքի ցույցերի տասներորդ օրը, կառավարության կենսաթոշակային բարեփոխումների հակառակորդները կրկին դուրս են եկել փողոցներ։
Փարիզի ցույցը սկսվել է քաղաքի արեւելքից, ցուցարարները շարժվել են դեպի Ազգերի հրապարակ, հայտնում է BBC-ն։
Հաղորդվում է, որ Ֆրանսիայի արեւմտյան Նանտ քաղաքում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ: Տրամվայի անցումում բարիկադ է կանգնեցվել, ցուցարարները փակել են նաեւ դեպի քաղաք մուտքի ճանապարհները։ Արդյունքում մեկ տեղում 45 կմ երկարությամբ խցանում է առաջացել, հաղորդում է AFP գործակալությունը։
Հյուսիսարեւմտյան Ռեն քաղաքում, որտեղ ցուցարարները փակել են օղակաձեւ ճանապարհը, բազմակիլոմետրանոց խցանումներ են առաջացել, եւ մեկ մեքենա այրվել է։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դիմակավորված մարդկանց խմբի դեմ։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բախումներ են գրանցվել երկրի արեւմտյան Ռուան քաղաքում։
Ցույցերի ու անկարգությունների հետ կապված երկրում ներգրավված է մոտ 13 000 ոստիկան։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ նման մեծ թիվը, որը ռեկորդային է երկրի համար, արդարացված է «հասարակական կարգի համար լուրջ ռիսկով»: