Մենք չենք պատրաստվում սրացնել կամ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, – այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի հարցին, թե արդյոք Երևանը պատրաստ է ամբողջությամբ դուրս գալ Ռուսաստանի ազդեցության ոլորտից, Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Երևանը ցանկանում է ունենալ լավ հարաբերություններ բոլոր միջազգային գործընկերների հետ, ինչպես նաև կարգավորել հարաբերությունները տարածաշրջանային երկրների հետ։
«Մենք ցանկանում ենք խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ։ Այսօր Հայաստանում կա ԵՄ դիտորդական առաքելություն, որի համար մենք շնորհակալ ենք։ Մենք սկսել ենք վիզաների ազատականացման գործընթացը։ Ընդհանրապես, մենք վարում ենք հավասարակշռված և գիտակցված արտաքին քաղաքականություն», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանի կառավարությունը ուզում է անդամակցել Եվրամիությանը, բայց միևնույն ժամանակ մասնակցում է Մոսկվայում անցկացվող շքերթներին, Փաշինյանը նշել է, որ Հայաստանը չի հետապնդում հարաբերությունների վատթարացման նպատակ որևէ ուղղությամբ։
«Մեր մոտեցումն այն է, որ օգտագործենք մեր ինքնիշխանությունը՝ բոլոր այն ոլորտներում հարաբերությունների խորացման համար, որտեղ ցանկանում ենք ավելի խոր հարաբերություններ ունենալ։ Այնտեղ, որտեղ հարաբերությունները բավարար խոր չեն։ Հայաստան-ԵՄ հարաբերությունները հենց այդպիսիք են։ Իհարկե, կարող են լինել իրավիճակներ, երբ մեր արտաքին հարաբերություններում տարբեր ուղղություններով որոշակի լարվածություն առաջանա։ Սակայն մենք պատկերացնում ենք այս իրավիճակի կառավարումը թափանցիկությամբ և ազնվությամբ մեր բոլոր գործընկերների նկատմամբ, որպեսզի մեր քաղաքականության մեջ չլինեն մութ անկյուններ», – նշել է Նիկոլ Փաշինյանը։