Սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այդ կապակցությամբ Սննդամթերքի անվտանգության ազգային գործակալության նախաձեռնությամբ, ամբողջ երկրի մասշտաբով ընտանի և խնամվող կենդանիների անվճար պատվաստում կիրականացվի հատուկ հատկացված տարածքներում և գործակալության տարածաշրջանային գրասենյակների մոտ։
Այս տարվա միջոցառման հիմնական ուղերձն է՝ հաղթահարենք խոչընդոտները կատաղության դեմ պայքարում։
«Կարևոր է, որ բոլոր ոլորտների ներգրավմամբ և համակարգված աշխատանքով միասին հաղթահարենք կատաղության դեմ պայքարում առկա խոչընդոտները և հասնենք ընդհանուր նպատակին»,- ասված է Սննդամթերքի անվտանգության ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ։
Այս օրը սահմանվել է 2007 թվականին Կատաղության վերահսկման գլոբալ դաշինքի նախաձեռնությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունների աջակցությամբ։ Վրաստանը 2013 թվականից սկսած ամեն տարի միանում է այս օրվա նշմանը։