Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի շրջաններին
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի շրջաններին։
Խերսոնի մարզում ռուսական ավիահարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Խերսոնի մարզի դատախազության տվյալներով՝ ուրբաթ երեկոյան ռուսական զինված ուժերը ութ կառավարվող ավիառումբ են նետել մարզի տարածքում։ Ռմբակոծության հետևանքով Խերսոնում զոհվել է 43-ամյա տղամարդ։
Քաղաքի վարչակազմի ղեկավար Ռոման Մրոչկոն իր Telegram-ալիքում գրել է հինգ վիրավորի մասին։ Նրա խոսքով՝ ռումբերից մեկը ընկել է վարչական շենքի մոտ, վնասվել են հարակից տները, ինչպես նաև անասնաբուժական կլինիկան։
Սա վերջին 24 ժամվա ընթացքում արդեն երկրորդ զանգվածային ավիահարվածն է Խերսոնին ու նրա մարզին։ Օրվա ընթացքում ավիառումբ է ընկել քաղաքի կենտրոնում, որի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։
Կրիվոյ Ռոգում հրթիռային հարվածի հետևանքով 12 մարդ վիրավորվել է։ Հրթիռը ընկել է բնակելի թաղամասի վրա։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզի վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Նրա տվյալներով՝ վնասվել են չորս բազմահարկ և չորս առանձնատներ։ Վնաս է հասցվել նաև քաղաքային հաղորդակցության ցանցերին ու առևտրային օբյեկտներին։
Նախնական տվյալներով՝ վիրավորների թվում է նաև երկու տարեկան երեխա։
Չեռնիգովում ռուսական ռմբակոծության հետևանքով բազմահարկ բնակելի շենք վնասվել է։ Այս մասին հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Դմիտրի Բրժինսկին։
Նրա խոսքով՝ վնասվել է իննահարկ բնակելի շենք։ Վարչակազմի ղեկավարի հրապարակած լուսանկարներում երևում են պատուհանների կոտրված ապակիները և վնասված ավտոմեքենաները։
Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։