Վրաստանում գրիպի դեպքերի թիվն շաբաթական աճում է, սակայն այդ աճը կայուն է։ Կանխատեսվում է, որ աճը կշարունակվի նաև առաջիկա շաբաթների ընթացքում, այս մասին հայտարարել է Իվանե Չխաիձեն՝ Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրենը և Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի պրոֆեսորը։
Նրա խոսքով, 2024-2025 թվականների սեզոնին գրիպի դեպքերի աճը չի հասնում այն մակարդակին, ինչ եղել է 2 տարի առաջ, և նախորդ տարվա համեմատությամբ գրեթե անփոփոխ է։
Չխաիձեն նշել է, որ դեկտեմբերին Իաշվիլիի հիվանդանոցում թոքաբորբով բուժվել է 36 երեխա։ Հիվանդանոցի տնօրենը շեշտել է, որ նրանցից ոչ ոք պատվաստված չի եղել՝ ընդգծելով պատվաստման կարևորությունը։
«Քանի որ գրիպն ունի բարդությունների զարգացման բարձր ռիսկ, հիվանդանոցների մեծ ծանրաբեռնվածությունը հիմնականում պայմանավորված է գրիպի դեպքերի աճով, հատկապես թոքաբորբով։ Միայն դեկտեմբերին Իաշվիլիի հիվանդանոցում գրանցվել է վիրուսային թոքաբորբի 36 հաստատված դեպք, ինչը շատ մեծ թիվ է։ Սա ցույց է տալիս, որ հատկապես երեխաների շրջանում գրիպը այն վիրուսն է, որը կարող է հանգեցնել հոսպիտալացման և ծանր հետևանքների։
Ուզում եմ ևս մեկ բան հավելել. այդ բոլոր հիվանդներից ոչ մեկը պատվաստված չէր։ Մենք միշտ խոսում ենք գրիպի դեմ պատվաստման մասին, դեկտեմբերին նույնպես դրա մասին բարձրաձայնում էինք։ Ժամանակ կար պատվաստում կատարելու համար, բայց, ցավոք, դա դեռևս չի դարձել մեր երկրի համար ավանդույթ և հիվանդությունների կանխարգելման մաս։ Շատ ծնողներ հիմա ափսոսում են, որ չեն արել պատվաստումը, և դա ճիշտ է։ Երբ տեսնում ենք, որ թոքաբորբի բոլոր դեպքերը գրանցվել են չպատվաստված հիվանդների շրջանում, պարզ է դառնում, թե որքան կարևոր է գրիպի դեմ պատվաստումը։ Սա հատկապես կարևոր է 5 տարեկանից փոքր երեխաների համար»,- նշել է Չխաիձեն «Մեդիակենտրոն Մթավարիի» հետ զրույցում։