«Երևում է, որ Բակուրիանիի հաշվարկները սխալ են կատարվել» - Իա Թաբագարի
«Առաջին հայացքից էլ պարզ է, որ Բակուրիանիի հաշվարկները սխալ են կատարվել։ Ի՞նչ է տեղի ունեցել և ինչու՞ է իրավիճակը այսքան քաոսային։ Այս ամենը սկսվել է դեռևս Շևարդնաձեի կառավարման ժամանակաշրջանից»։ Այս մասին հայտարարել է զբոսաշրջության վերլուծաբան Իա Թաբագարին։
Նշենք, որ այս տարվա զբոսաշրջային սեզոնին, հատկապես Ամանորի շրջանում, Բակուրիանիի վերաբերյալ բազմաթիվ քննադատություններ հնչեցին։ Ամենամեծ դժգոհությունն առաջացրեց ճանապարհին առաջացած խցանումները։ Հանգստացողների խոսքով՝ փողոցները ամբողջ օրվա ընթացքում կաթվածահար էին ավտոմեքենաներով, ինչը նաև դժվարություններ էր ստեղծում հետիոտների համար։
«Այն, ինչ տեղի է ունենում Բակուրիանիում, ցավալի իրականություն է։ Առաջին հայացքից էլ պարզ է, որ հաշվարկները սխալ են արվել։ Ի՞նչ է տեղի ունեցել և ինչու՞ է իրավիճակը այսքան քաոսային։ Սա ոչ երեկ է սկսվել, ոչ էլ այս կամ նախորդ իշխանության ժամանակ։ Այս ամենը սկսվել է դեռ Շևարդնաձեի կառավարման տարիներից, երբ հողի ապօրինի յուրացումը և անբովանդակ շինարարությունը օրենքով վերահսկելի չէին։ Ով ինչպես կամենում էր, այնպես էլ յուրացնում էր հողերը՝ ոմանք վճարում էին, ոմանք՝ ոչ, իսկ որոշ հողատարածքներ անգամ 5 սեփականատեր ուներ, ինչը բազմաթիվ կոնֆլիկտների պատճառ էր դառնում։ Նման իրավիճակ միայն Բակուրիանիում չէր, նույնը տեղի էր ունենում նաև Գուդաուրիում։ Մոտ 20 տարի պահանջվեց, որպեսզի սեփականության հարցերը կարգավորվեին։
Մեկ այլ պատճառ, թե ինչու է այսքան ինտենսիվ կառուցապատում տեղի ունեցել, այն է, որ բնակարանները շատ հեշտ էին վաճառվում։ Դեռ այն ժամանակ, երբ երկրում տնտեսական ճգնաժամ էր, մարդիկ հասկանում էին, որ մի օր Բակուրիանին կվերածվի տուրիստական գոտու։ Շինարարական ընկերություններն սկսեցին ձեռք բերել հողատարածքներ։ Ճիշտ է, որոշ շենքեր կառուցվեցին անտառի մոտ, բայց մի քանի տարի անց այդ տարածքները կարող են վերածվել «բետոնե ջունգլիների»։ Մեկ այլ գործոն, որ նպաստեց այս գործընթացին, հասարակության վերաբերմունքն էր, որ Բակուրիանիում բնակարան ունենալը համարվում էր հեղինակություն։
Մի քանի տարի առաջ տնտեսության նախարարությունը հայտարարեց ծրագիր, որը նախատեսում էր Բակուրիանիի տարածքային պլանավորում, սակայն այս ծրագիրն անարդյունավետ գտնվեց և չիրականացվեց։ Ես ևս ներգրավված էի այս ծրագրում, սակայն որոշեցի հեռանալ։ Տնտեսության նախարարի տեղակալի հետ այցելել ենք Բակուրիանի և ուսումնասիրել նրա լանդշաֆտային առանձնահատկությունները, քննարկել, թե որտեղ կարելի էր կազմակերպել տուրիստական զարգացում, որպեսզի Բակուրիանին դառնար իսկական ձմեռային հանգստավայր։ Սակայն այդ ժամանակ Բակուրիանիում ազատ հողատարածք արդեն գրեթե չկար՝ ամեն ինչ վաճառված էր։ Նման պայմաններում պետությունը պետք է ունենա կամք կամ շատ հզոր ֆինանսական ռեսուրսներ՝ այդ հողերը կրկին գնելու և ճիշտ օգտագործելու համար», - հայտարարել է Իա Թաբագարին։