Լուրեր
«Ունեմ ծանր այրվածքներ, մինչև 40 տոկոս»,- Համբարձում Բաբոյան
Ախալցիխեի քաղաքապետարանի սակրեբուլոյի փոխնախագահ Համբարձում Բաբոյանը, ով վիրավորվել էր իր տանը բռնկված հրդեհից, կրկին բուժում է անցնում վերակենդանացման բաժանմունքում։ Ինչպես նշեց պատգամավորը, առողջական վիճակը կայուն է: Նրա մարմնի 40%-ն այրվել է։ Ըստ բժիշկների՝ պատգամավորը երրորդ աստիճանի այրվածք էր ստացել։ Բաբոյանը 17 օր է՝ գտնվում է Թբիլիսիի այրվածքների կենտրոնում։

«Դեռ վերակենդանացման բաժանմունքում եմ, բայց այսօր կարող են տեղափոխվել պալատ, հիմա ավելի լավ եմ, այսօր 17-րդ օրն է, ունեմ ծանր այրվածքներ՝ մինչև 40%, ձեռքերիս, ամբողջ մեջքի և դեմքիս հատվածում»,- 9-րդ ալիքի հետ զրույցում ասում է Բաբոյանը։

Համբարձում Բաբոյանը տուժել է իր տանը բռնկված հրդեհից: Նա մտել է այրվող տուն՝ կնոջն ու երեխային փրկելու համար։ Բաբոյանն ունի մարմնի, վերին վերջույթների և դեմքի այրվածքներ։ Ախալցիխեի Բարաթաշվիլի փողոցում հրդեհը բռնկվել է հունիսի 10-ին։ Այրվել է պատգամավորին պատկանող երկհարկանի տունը:

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հետաքննությունը շարունակվում է, հրդեհի պատճառները դեռ պարզ չեն։
| Print |