Այսօրվանից չեղարկվում են «լամինացված» անժամկետ անձը հաստատող վկայականները
Հուլիսի 1-ից ուժը կորցնում են այսպես կոչված լամինացված անժամկետ անձը հաստատող վկայականները: Խորհրդարանի կողմից «Վրաստանի քաղաքացիների և Վրաստանում բնակվող օտարերկրացիների գրանցման, անձը հաստատող (բնակության) վկայականների և Վրաստանի քաղաքացու անձնագրերի տրամադրման կարգի մասին» օրենքում կատարված փոփոխություններով, 2011 թվականի հուլիսի 28-ից առաջ տրված ոչ էլեկտրոնային՝ այսպես կոչված լամինացված անձը հաստատող վկայականները չեղարկվում են։
Միևնույն ժամանակ, Արդարադատության նախարարությունը մարտի 15-ից ապահովում է ոչ էլեկտրոնային (լամինացված) անձը հաստատող վկայականների անվճար փոխարինումը էլեկտրոնային անձը հաստատող վկայականներով (ID քարտերով)։
2011 թվականի հուլիսի 28-ից առաջ տրված ոչ էլեկտրոնային (լամինացված) անձը հաստատող վկայականի փոխարինման համար հետաքրքրված անձինք կարող են դիմել ողջ երկրի տարածքում Արդարադատության տներ և շարժական Արդարադատության տներ, ինչպես նաև Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ արտերկրում։