Ինչ վիճակում է կայծակի հարվածից տուժած տղամարդը
Ասպինձայում, Օթա գյուղի մոտակայքում կայծակի հարվածից տուժած 40 տարեկան տղամարդու վիճակը կայուն է։ Այս մասին tv9news.ge-ին հայտնել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցից: Նրանց խոսքով, տղամարդը հետազոտվում է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։
«Վիճակը կայուն է, վնասվածքներ չունի, սակայն երկու օր կպահենք հսկողության տակ», - մեզ հետ զրույցում ասաց Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցի ղեկավար Էլգուջա Գուջաձեն։
Օթա գյուղի մոտ, անտառում, դեպքը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 10-ին։ Կայծակի հարվածից մեկ մարդ տեղում մահացել է, իսկ մեկը վիրավորվել։
Տեղացիների խոսքով, դեպքի պահին մահացածի և վիրավորի հետ ևս մեկ մարդ է եղել, սակայն նա չի տուժել։
«Գյուղում մեծ աղմուկ էր, և երբ հարցրեցի, ասացին, որ կայծակը հարվածել է, մեկը մահացել է, իսկ մյուսը վիրավորվել։ Երիտասարդներ են, մեր գյուղի բնակիչներ։ Եղանակը վատ չէր՝ միաժամանակ և՛ արև էր, և՛ ամպամած, բայց հանկարծակի որոտաց և սկսվեց անձրևը», - ասում է տեղի բնակիչ Ցիրա Գուրեշիձեն։
Տեղացիների խոսքով, գյուղացիները գնացել էին անտառ՝ Օթայի մոտակայքում, վառելափայտ հավաքելու։