Թբիլիսիում կրկին ցրում են ցուցարարներին. ևս մեկ լրագրող վիրավորվել է
Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ վիրավորվել է «TV Pirveli»-ի լրագրող Մարիամ Գափրինդաշվիլին։
Հեռուստաընկերության տվյալներով՝ նրա վրա ֆիզիկական բռնություն են գործադրել հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչները։ Նրանց տվյալներով՝ Մարիամ Գափրինդաշվիլիի գլուխը կոտրված է, դժվարանում է շնչել։ Եղել է նաև ուշագնացության դրվագ։
Մարիամ Գափրինդաշվիլիին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Միաժամանակ ոստիկանական ուժերը շղթա են կազմել Ռուսթավելի պողոտայի և ապրիլի 9-ի փողոցի խաչմերուկում։ Լսվում է նախազգուշացում ակցիայի ցրման մասին։
Հանրահավաքի մասնակիցները մի քանի շարքով ուղիղ շղթա են կազմել Ռուսթավելի պողոտայում գտնվող հատուկ նշանակության ջոկատի դիմաց։ Երիտասարդները բռնել են իրար ձեռք ու հենց այդպես կանգնել ոստիկանական ուժերի դիմաց։