Կոչ ենք անում ծնողներին և օրինական ներկայացուցիչներին անչափահասներին հեռու պահել բռնության միջավայրից- ՆԳՆ
ՆԳ նախարարությունը տարածում է հայտարարություն. Գերատեսչության տվյալներով՝ օրենսդիր մարմնի շրջակայքում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներից ոմանք այսօր շարունակում են իրենց բռնի գործողությունները։
Ըստ ՆԳՆ-ի՝ համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները ջրցան մեքենաների միջոցով փորձում են հետ մղել ագրեսիվ խմբի անդամներին, սակայն ցուցարարները չեն դադարեցնում իրենց բռնի գործողությունները։
Միաժամանակ ՆԳՆ-ն կոչ է անում «անչափահասների ծնողներին և օրինական ներկայացուցիչներին գործել երեխայի լավագույն շահերից ելնելով և անչափահասներին հեռու պահել բռնի միջավայրից»։
«Հասարակությունը տարբեր հեռուստաընկերությունների ուղիղ հեռարձակումներով հետեւում է օրենսդիր մարմնի մերձակայքում տեղի ունեցող զարգացումներին։ Հավաքի մեկնարկից մի քանի րոպե անց արդեն արձանագրվել են անօրինական գործողություններ։ Հանրահավաքի մասնակիցների մի որոշակի հատված, ինչպես նախորդ օրերին, այսօր էլ շարունակում է իր բռնի գործողությունները։ Մի քանի ժամ շարունակ հանրությունը հստակ նկատում է բողոքի ակցիայի ագրեսիվ խմբերի կողմից ոստիկանների վրա շարունակվող հարձակումները։ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները ջրցան մեքենաների միջոցով փորձում են հետ մղել ագրեսիվ խմբի անդամներին, սակայն ցուցարարները չեն դադարեցնում իրենց բռնի գործողությունները։ Եղել են դեպքեր, երբ խորհրդարանի շենքը վնասելու համար բռնի խմբի անդամները նախ քարերով և այլ ծանր առարկաներով կոտրել են ապակիները, ապա դյուրավառ նյութեր նետել խորհրդարանի շենքի սենյակները և վերջում՝ պիրոտեխնիկայի միջոցով հրդեհել։
Հարկ է նաև նշել, որ տարբեր լրատվամիջոցներ հեռարձակել են կադրեր, որտեղ ներկա հավաքի և ցույցի ժամանակ փոքր երեխաներ են երևում։ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ հավաքների ազատությունից օգտվելու իրավունք։ Սակայն ներկա ցույցերը բազմիցս դուրս են եկել խաղաղ հավաքի շրջանակներից և բռնի բնույթ են ստացել, հետևաբար ցույցին մասնակցող երեխաները գտնվում են բռնի միջավայրում և մեծ է նրանց վիրավորվելու վտանգը։ Երեխաների իրավունքների օրենսգրքի համաձայն՝ երեխային պետք է ապահովվի առողջ միջավայր և հանրային տարածք, հետևաբար ծնողը կամ երեխային դաստիարակելու համար պատասխանատու անձը պարտավոր է պաշտպանել նրան։
Չնայած հանրահավաքի մեկնարկից քիչ անց ՆԳՆ ներկայացուցիչը պաշտոնական հայտարարություն արեց, որ հավաք-ցույցն անցկացվի խաղաղ միջավայրում և տեղի չունենան բռնի գործողություններ, հանրությունը հստակ տեսնում է, որ գործողությունները բազմիցս գերազանցել են օրենքով նախատեսված խաղաղ հավաքի շրջանակը։ Մենք կոչ ենք անում ծնողներին և անչափահասների օրինական ներկայացուցիչներին գործել՝ ելնելով երեխայի լավագույն շահերից և անչափահասներին հեռու պահել բռնի միջավայրից։
Նաև հանրահավաքի ագրեսիվ մասնակիցներին զգուշացնում ենք դադարեցնել անօրինական գործողությունները, հակառակ դեպքում ՆԳՆ-ն կձեռնարկի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ։ Տեղեկացնում ենք նաև, որ ՆԳՆ-ն ընթացիկ գործողությունների շրջանակում ակտիվորեն հետաքննում է բռնի խմբերի կողմից կատարված բոլոր հանցավոր արարքները, որոնցում մեկ անձ ձերբակալվել է՝ առարկան վնասելու մեղադրանքով։
ՆԳՆ-ում հետաքննությունը շարունակվում է՝ հանցագործություն կատարած բոլոր անձանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։ Յուրաքանչյուր ապօրինի գործողության կհետևի ոստիկանության համապատասխան իրավական արձագանքը»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։