Սուտ լուրեր հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հայտարարել է, թե սոցիալական ցանցերում տարածվել են ասեկոսեներ, որոնց համաձայն, Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով Ադրբեջան են մեկնում սիրիացի գրոհայիններից կազմված ապօրինի զորախմբեր:
Այսօր Լիլուաշվիլին Վրաստանի անվտանգության խորհրդի նիստից հետո ասել է, որ նման լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
«Ուզում եմ ընդգծել, որ այդ տեղեկությունը բացահայտ սուտ է, որի նպատակն է սրել լարվածությունը Վրաստանում և ընդհանրապես այս տարածաշրջանում», - ասել է Լիլուաշվիլին:
Նա հայտնել է, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի պատկան գերատեսչությունների հետ:
Վաղ առավոտից Ադրբեջանը կարծես ցայտնոտի մեջ լինի` իրար են հաջորդում կեղծ լուրերը, թե Հայաստանի կողմից կրակ է վարվում ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում տեղեկացնում է, որ Ադրբեջանը չի դադարում ապատեղեկատվություն տարածել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` կրկին հրթիռակոծվում է Գյանջա քաղաքը և, ըստ լուրերի, Հայաստանից է կրակը վարվում։
«Ադրբեջանի պաշտոնական շրջանակներն արդեն որերորդ անգամ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ են տարածում, թե իբր Հայաստանից թիրախավորովում է Ադրբեջանի այս կամ այն բնակավայրը»,– գրել է Ստեփանյանը։
Նրա խոսքով` նման կեղծ տեղեկատվական հոսքերի նպատակը սեփական նկրտումները կոծկելն է։
Երեկ էլ, երբ Արցախի ՊՆ–ն հրթիռակոծել էր Գյանջայի ռազմական օդանավակայանը, ադրբեջաբնական կողմը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից էր այն հրթիռակոծվել։ Սա, ըստ Ադրբեջւանի, ընդլայնում է մարտական գործողությունների տարածքը։ ՀՀ ՊՆ–ն, սակայն, հերքեց այդ լուրերը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Սկսված պատերազմը բազմաթիվ կայքերի և օգտատերերի համար դարձավ ապատեղեկանք տարածելու գլխավոր նյութ: Սակայն, պետք է իրավիճակը դատել սառը և թույլ չտալ այս կամ այն անհատներին կառավարել մարդկանց մտքերով: