Ջավախքի ՀԿ-ները Ղարաբաղի հարցով դիմել են Վրաստանում դիվանագիտական ներկայացուցչություններին
Ջավախքի որոշ հասարակական կազմակերպություններ դիմել են աշխարհի 15 երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին, դեսպանատներին և հյուպատոսարաններին, որոնք գտնվում են Վրաստանում՝ կոչ անելով նրանց ձեռնարկել կոնկրետ գործողություններ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու համար:
«Մենք՝ Ջավախքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, դիմում ենք Ձեզ՝ կապված աննախադեպ մարտական գործողությունների հետ, որոնք տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում:
Մենք չափազանց կարևոր և անհրաժեշտ ենք համարում ձեր կողմից վճռական և կոնկրետ գործողությունների ձեռնարկումը` ագրեսիան դադարեցնելու համար, ինչը լուրջ ապակայունացում է առաջացնում տարածաշրջանում: Ձեր ուշադրությունը հրավիրում ենք հետևյալ հանգամանքների վրա.
Հաշվի առնելով Թուրքիայի ներկայիս ղեկավարության կողմից վարվող ագրեսիվ քաղաքականության հարցը, նրա ակտիվ մասնակցությունը վերոհիշյալ ռազմական հակամարտությանը և հակամարտությանը հրահրելուն Մերձավոր Արևելքի վարձկանների, ինչպես նաև Սիրիայի և այլ երկրների միջազգային ահաբեկչական կազմակերպությունների մասնակցությամբ:
Ձեռնարկել դիվանագիտական և այլ միջոցառումներ, ներառյալ պատժամիջոցային բնույթի արգելքներ:
Ձեր ակտիվ աջակցությունը համաշխարհային հանրության կողմից մարտական գործողությունները ճնշելու ջանքերը միավորելու գործում, այդ թվում՝ Ղարաբաղում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները: Ահաբեկչությունը չպետք է տարածվի Անդրկովկասում, ահաբեկչությանը պետք է հաղթել:
Այս չարիքի դեմ ցանկացած պայքար ազնիվ պայքար է: Ամբողջ համաշխարհային հանրությունը գիտի և համոզված է, որ ահաբեկիչները հայտնվել են պատերազմական գոտում` երրորդ երկրների ագրեսորների հանցավոր գործողությունների շնորհիվ:
Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, համաձայն ենք, որ մեր երկիրը ոչ մեկին թույլ չի տալիս խառնվել իր քաղաքացիների, տարբեր ազգությունների ներկայացուցիչների կյանքին:
Մենք դեմ ենք հակամարտության և խնդրահարույց հարցերի ռազմական ուժի կիրառմամբ լուծմանը, հատկապես երրորդ երկրների մասնակցությամբ:
Մենք մեր վստահությունն ենք հայտնում, որ մեր դիմումը կընդունվի ոչ միայն քննարկման, այլ նաև Ձեր կողմից կոնկրետ պատասխան ստանալու համար», – ասված է հայտարարության մեջ:
Դիմումն ուղարկվել է Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ավստրիայի, Չինաստանի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Հունաստանի դեսպանություններ:
Jnews.ge