«Վրաստանի համակրանքը Ադրբեջանի նկատմամբ մտահոգիչ է, բայց չի կարող ուրիշ ձև լինել». Սամվել Մանուկյան
Վրաստանում հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ախալքալաքի շրջանից ինը թեկնածուներից վերընտրվել է պատգամավոր Սամվել Մանուկյանը: Նա ստացել է Ջավախքի ընտրողների ձայների մեծամասնությունը՝ 63 տոկոս քվե։
«Մենք Վրաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Մենք այսօր չունենք խնդիր, ունենալու դեպքում մենք այդ խնդիրները կլուծենք: Մեր այսօրվա խնդիրը ունեցածը պահելն է»,- ասաց նա՝ անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին:
Խոսելով Վրաստանում նոր խորհրդարանի ձևավորման մասին, և թե դա ինչ փոփոխությունների կարող է բերել, նորընտիր պատգամավորն ասաց. «Ես կարծում եմ, որ փոփոխություն չի կարող լինել, շարունակվելու է նույն կուրսը: Մենք շատ ստատիկ, դեմոկրատական պետություն ունենք, ապրում ենք շատ նորմալ»:
Ինչ վերաբերում է նրան, որ այս պատերազմի ընթացքում Ադրբեջան զենքը տեղափոխվում է Վրաստանի տարածքով, Սամվել Մանուկյանն ասաց, որ ինքը 14 նամակի պատասխան ունի, որտեղ ասվում է, որ Վրաստանը չի կարող խանգարել իր օդային տարածքով քաղաքացիական օդանավերի տեղաշարժին. «Չունենք ապացուցված դեպք: Եթե լինի նման դեպք, ես նորից կդիմեմ Վրաստանի վարչապետին: Ամեն մի ֆեյսբուքյան պոստից հետո զանգ է լինում կառավարություն, և պատասխան է ստացվում»:
Նա հավելեց, որ Վրաստանի հայերը շարունակում են իրենց բողոքի ակցիաներն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, շատ քաղաքական գործիչներ մասնակցում են այդ ակցիաներին, որևէ արգելք չկա այդ հարցում:
Դիտարկմանը՝ այս ընթացքում նկատելի է Վրաստանի համակրանքը Ադրբեջանի նկատմամբ, արդյոք դա մտահոգիչ չէ՞, նորընտիր պատգամավորն արձագանքեց. «Այո, մտահոգիչէ, բայց չի կարող ուրիշ ձև լինել, որովհետև Վրաստանը երկու երկրների հարևանությամբ է գտնվում: Շատ լավ կլիներ, որ Վրաստանը հայերի կողմից կռվեր Ադրբեջանի դեմ, բայց հասկանալի է, որ դա հնարավոր չէ: Ավելորդ է խոսել դրա մասին»:
Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանի կողմից կռվում են ահաբեկիչներ, որոնք Թուրքիան բերել է Սիրիայից ու Լիբիայից, արդյոք Վրաստանի կողմից չպե՞տք է լինեին դատապարտող հայտարարություններ այդ առումով, Սամվել Մանուկյանն ասաց. «Իսկ ահաբեկիչներին ո՞վ է դատապարտել աշխարհում, Հայաստանն էլ դեռ չի դատապարտել»։
Նյութի սկզբնաղբյուրը՝ 1in.am
Տարածում է Nor.ge