Չախալյանը տեղյակ չէ՝ զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից, թե ոչ
Երեկ ադրբեջանական մամուլում հրապարակումներ եղան, թե «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագան Չախալյանը, որը «Կամքի» մի շարք անդամների հետ գտնվում է առաջնագծում, զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից։ Հրապարակումներ եղան նաև, թե Վրաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների համագործակցության արդյքունքում հետախուզում է հայտարարվել Չախալյանի նկատմամբ։
Չախալյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն «Կամք» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշեց, որ Չախալյանին վերոնշյալի մասով որևէ մեկը չի իրազեկել, տեղյակ չէ՝ արդյոք նման բան կա, թե ոչ։
«Ջավախքի իրենց հասցեում այս մասով իրազեկում չի եղել։ Մենք էլ ենք մամուլի այդ հրապարակումներից տեղեկացել»,- ասաց «Կամքի» ներկայացուցիչը։
Նշենք, որ ադրբեջանական մամուլը օրերս գրել էր նաև, թե իբր Չախալյանը զոհվել է առաջնագծում։ Սրան ի պատասխան՝ Չախալյանը այդ հրապարակումներից անմիջապես հետ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել և գրել․ «Եկել եմ ասեմ, որ ադրբեջանական և վրացական (ալիևամերձ և սահակաշվիլիամերձ) մամուլում երեկ տարածված ինֆորմացիան, չի համապատասխանում իրականությանը:
Հ. Գ. իլյուշ, այ իլյուշ, քո հետախուզությունն ու ՀՀ-ում և Վրաստանում գործող գործակալական ցանցը, քեզ հերթական անգամ սխալ տեղեկություն են մատուցել, ապակողմնորոշելով տխմարներիդ: Ինչպես տեսնում եք, ես ողջ և առողջ եմ և ինչպես կասեր դասականը, ինձ ավելի շատ հուզում է, թե ինչ գույնի կոստյում եմ հագնելու քո և միշիկոի հուղարկավորությունների ժամանակ...
հ.հ.գ. այս կեղծ լուրից ադրբեջանում և վրաստանում ուրախացողների և բերկրանքից հրճվողների մասով ամեն ինչ պարզ էր, այ ՀՀ ում ուրախացողների և հրճվողների շրջանակների մասով , կխոսեմ պատերազմի ավարտից հետո»։
Hraparak.am