Արագվայի ու Ազավրեթի զավակը պայքարում էր Արցախում. մանրամասներ
Ակունքներով Ջավախքից (մայրը՝արագվացի, հայրը՝ ազավրեթցի) ազատամարտիկի ներկայությունը առաջնագծում ինքստինքյան նախազգուշացում է հակառակորդի համար:
֊Մայրիկ,մեր մոտ ամեն ինչ կարգին է,շատ լավ եմ զգում ինձ, գիտե՞ս, մայրիկ, հրաշալի տղաներ են բոլորն էլ այստեղ եղբոր պես հարազատ են դարձել, իրար հանդեպ միշտ սիրով ու հոգատարությամբ են լցված։
Մայրիկ,ամեն տեսակի զենքն էլ ունենք, բոլորս էլ մարտական ենք տրամադրված, կարևորըը թշնամին վախենում է մեզանից և մկան նման ծակերն է մտնում։ Անպայման հաղթելու ենք, ինձ համար չանհանգստանաս, միակ բանը, մայրիկ, քեզ շատ եմ կարոտել և հայրիկին նույնպես։ Պատերազմը որ վերջանա տուն կգամ կամուսնանամ, քո սրտով հարս կբերեմ, թոռներ ունենաք, ուրախանաք, որ տունը շեն մնա, զորանա մեր տունը և Հայրենիքը հզորանա։
Ռազմաճակատի առաջնագծից, կրակների ու հրանոթի ականջ խլացնող ձայների միջից, այս համեստ ու շնորհալի խոսքերի հեղինակը Արմեն Հայկի Աղայանն է։
Նոյեմբերի քսանվեցին Արմենս կդառնա քսան տարեկան,- հազիվ արցունքները զսպելով, կարոտած սրտով ասում է Արմենի մայրը՝ Անահիտ Փիլոսյանը ու արցունքախառը շարունակում է,-Աշխարհից, Աստծուց խաղաղություն եմ աղերսում, Արմենս ողջ ու առողջ վերադառնա հայրական օջախ, մեր տուն ու տեղը շենացնի, մեր տան միակ հույսն է Արմենս, տեր Աստված, երբ է ավարտվելու այս մղձավանջը, մի օր վերջ կունենա՞ պատերազմը…
Որդիներին ամեն վայրկյան, ամեն ակնթարթ անհամբեր ու ժամ առաջ սպասող մայրերի համար պատերազմի յուրաքանչյուր պահը դար է դառնում, քարացել ու ծանրացել է պատերազմը մայրերի սրտերի վրա, ժայռեղեն մի հարց խրվել է մայրերի հոգիների մեջ ու ոչ մի կերպ հանգիստ չի տալիս նրանց։
Անահիտը հավատով է նայում կյանքին, հազար ու մի նպատակ ունի սրտում, հավատում է հաղթանակին, որդու՝ Արմենի մասին խոսում է հպարտությամբ, նշում է, որ ծառայության տարիներին որդին միշտ էլ արժանացել է հրամանատարների գովեստներին, շատ գովասանագրերի,ուսումնավարժական բարձր առաջադիմություն է ունեցել, եղել է ծառայության գերազանցիկ, հրաշալի հրետանաձիգ ու նշանառու։ Ուսումնավարժական մրցումների առաջամարտիկը այսօր առաջնագծում է և իր փորձն ու հմտությունը խիզախորեն ծառայեցնում է հայրենյաց ընդհանուր՝ հաղթանակի գործին։ Զուր չեն անցել հայոց բանակում ձեռք բերած նրա հմտությունն ու փորձը՝ հակառակորդի երեք տանկ է խոցել հայ դիպուկահարը, այդ ահեղ կռվի ժամանակ Արմենը՝մեջք-մեջքի տված իր ընկերոջ՝ Ենոքյան Լևոնի հետ, առանց վախի,քաջաբար ելել են թշնամու տանկերի դեմ, խոցել երեք տանկ և ապահովել ընկերների անվնաս տեղաշարժը։ Այս խիզախության համար հրամանատարությունը Արմենին ու Լևոնին պարգևատրել է քաջարի մարտիկ մեդալով։ Փառք ու պատիվ ձեզ հայ քաջորդիք, դուք այսօր բարձր եք պահում Սարդարապատի նահատակների հիշատակը, հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազատամարտիկների պատիվն ու անունը, փառք ու պատիվ քեզ հայ զինվոր, խոնարհվում եմ ձեր խիզախության առաջ, Հայրենիքը սպասում է ձեր հաղթական վերադարձին, ձեր մայրերը քուն ու հանգիստ կորցրել են, իսկ ձեր սիրած աղջիկներն ու կանայք կարոտով միշտ պահում են ձեր ճանապարհը…
Անդրանիկ Ղադյանի ֆեյսբուքյան էջից