Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնի հետ համատեղ շուրջ 6 տարի է իրականացնում է ուսուցիչների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագրեր։ Այդ ծրագրերից ոչ մեկը, սակայն չի վերաբերվում Հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին։ Եթե մնացած բոլոր առարկաների ուսուցիչները կարող են քննություն հանձնել ու բարձրացնել կարգավիճակը, և, ըստ այդմ էլ աշխատավարձը, ապա հայոց լեզվի և գրականության ուսուցիչները նույն կարգավիճակով ու աշխատավարձով ստիպված են աշխատել նվազագույնը մինչեւ 2023 թվականը՝ ծրագրի ավարտը։
Ջավախքի դպրոցների Հայոց լեզվի և գրականության ուսուցիչները տարիներ շարունակ բարձրաձայնել ու շարունակում են խոսել խնդրի մասին, սակայն այն դեռևս լուծում չի ստացել:
JNEWS-ի հետ զրույցում քաղաքի և մի քանի գյուղերի դպրոցների ուսուցիչները խտրական են համարում այս մոտեցումն իրենց նկատմամբ:
«Ցանկությունը մեծ է, ամեն մասնագետ էլ ցանկանում է իր մասնագիտական քննությունը հանձնել, ունենալ նույն կարգավիճակը, ինչ մնացածներն ունեն։ Ինչո՞վ է մեղավոր հայերենի ուսուցիչը, որ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և այլ առարկաների ուսուցիչը հանձնում է քննություն, ստանում է համապատասխան սերտիֆիկատ և վարձատրվում է բարձր», – ասում է Բալխոյի հանրային դպրոցի հայերենի և գրականության ուսուցչուհի Գոհար Ղանդիլյանը։
Նա խտրականություն է համարում այն, որ վրացերեն դասավանդող ուսուցիչը մեկ դասաժամի դիմաց ավելի շատ է վարձատրվում, քան հայերեն դասավանդող ուսուցիչը:
Արմատացած, տարիներ շարունակ գոյություն ունեցող այս խնդիրը Կիրովականի հանրային դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անթառամ Ղարագյոզյանի կարծիքով բոլորինն է, եւ ոչ միայն մանկավարժներինը։
«Սա շատ ցավալի հարց է, որովհետև ցանկացած պետության մեջ, եթե մարդիկ ունեն հավասար պարտականություններ, ուրեմն պիտի ունենան նաև հավասար իրավունքներ, հասարակ, տարրական բան է: Ինչո՞ւ բոլոր առարկաններից կա մասնագիտական քննություն հանձնելու, որակավորում ստանալու, թեկուզև աշխատավարձ բարձրացնելու, ֆինանսական առումով ավելի ապահով վիճակում հայտնվելու հնարավորություն, իսկ հայոց լեզվից՝ ոչ։ Ամենացավալի հարցը, նախ դպրոցում հայոց լեզվի դրվածքն է, դասաժամերի տարեց տարի կրճատումը՝ շաբաթական 5-ից մինչև 3 ժամ»,- իր մտահոգությունն է հայտնում մանկավարժության շուրջ 30 տարվա փորձ ունեցող Ղարագյոզյանը։
Նա այլ առարկաներից քննություն չի հանձնել որակավորում ստանալու համար։ Որակավորում ստանալ չստանալու խնդիրը դիտարկում է այլ տիրությում։
«Ես սովորել եմ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, մասնագիտություն եմ ձեռք բերել, նախընտրելով ու սիրելով տվյալ առարկան ու մասնագիտությունը, հիմա որքանո՞վ է ճիշտ որակավորման համար այլ առարկայի քննություն հանձնել։ Մարդը նախ և առաջ պետք է սիրի իր առարկան, միգուցե ես կարող եմ բնություն առարկան հանձնել, կամ մեկ այլ առարկա, բայց հետո պետք է աշխատեմ այդ մասնագիտությունով։ Հայերեն չպետք է դասավանդեմ, որ ստանամ ավագ ուսուցչի կոչում, կամ օգտվեմ այդ արտոնություներից։ Չեմ գտնում, որ սա ճիշտ է», – հավելում է Անթառամ Ղարագյոզյանը։
Հատկանշական է, որ 2021 թվականի հունվարի 1-ից Վրաստանի հանրային դպրոցներում ամբողջ աշխատանքային օր ծանրաբեռնվածությամբ եւ կարգավիճակ ունեցող ուսուցիչները 100 լարի (մոտ 30 դոլար) ավելի կստանան: Քանի որ հայերենի ուսուցիչները կարգավիճակ չունեն, կշարունակեն աշխատել նույն աշխատավարձով։ Ի դեպ, նույն խնդրին են բախվում նաեւ ազգային այլ փոքրամասնությունների մայրենի լեզվի ուսուցիչները։
Մինչ այս փոփոխությունը` ավագ մանկավարժի աշխատավարձը կազմում էր 1011 լարի էր (310 $), առաջատար մանկավարժինը` 1435 լարի (440 $), իսկ մենթորինը` 1745 լարի (535 $)։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնից Jnews-ին հայտնեցին, որ իրականացվում է ոչ վրացալեզու դպրոցներին աջակցելու ծրագրեր, որոնց նպատակն է ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածաշրջանների ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների մասնագիտական զարգացումը։ Մեր կոնկրետ հարցը, թե արդյո՞ք նախատեսվում է հայերենի եւ գրականության ուսուցիչների համար ևս կարգավիճակ ստանալու քննություն սահմանել եւ կամ արդյո՞ք որևէ մի ծրագիր իրականացվում է այդ ուղղությամբ, մնաց անպատասխան։
Ավելին՝
այստեղ