Որ երկրից կարելի է Վրաստան գալ` առանց պատվաստման
Վրաստանի կառավարությունն ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան գալ` առանց պատվաստման` միայն բացասական PCR թեստի պատասխանով: Տարածում է Ալիք Մեդիան:
Նոր ցանկում են Սան Մարինոն, Մոնակոն, Սերբիան, Իսլանդիան, Լիխտենշտայնը, Չեռնոգորիան, Անդորրան, Հյուսիսային Մակեդոնիան և Բոսնիա և Հերցեգովինան:
Այս երկրների քաղաքացիները, ինչպես նաև կացության թույլտվություն ունեցողները կարող են մուտք գործել Վրաստան ոչ շուտ, քան մուտքից 72 ժամ առաջ արված PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում պարտադիր կլինի երկրորդ PCR թեստը` ժամանելուց հետո երրորդ օրը (իրենց հաշվին): Ավելի վաղ նույն կարգն էր հաստատվել հետևյալ երկրների վրա. ԵՄ երկրներ, Իսրայել, Թուրքիա, Շվեյցարիա, Նորվեգիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն, Սաուդյան Արաբիա, Քաթար, ՄԱԷ, Բահրեյն, Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Ղազախստան, Ռուսաստան, Բելառուս, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Կանադա, Ճապոնիա, Քուվեյթ, Չինաստան, Հարավային Կորեա, Օման և Մոլդովա:
COVID-19- ի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները կարող են գալ Վրաստան` բացառությամբ նրանց, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել են Հնդկաստան:
Բոլոր օտարերկրյա այցելուները Վրաստան մուտք գործելիս պետք է իրենց մոտ ունենան բժշկական ապահովագրություն, որն անհրաժեշտության դեպքում կծածկի կորոնավիրուսային վարակի բուժման ծախսերը: