ՀՀ–ն չի ֆինանսավորի Թուրքիայի գանձարանը. թուրքական ապրանքների արգելքը երկարաձգվեց 6 ամսով
Նախորդ 6 ամիսների ընթացքում սահմանված արգելքի արդյունքում Թուրքիայից ներմուծման ծավալները նվազել են շուրջ 70 տոկոսով։ Էապես փոխվել է նաև ներմուծվող ապրանքների կազմը։
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կգործի մինչև 2021թ–ի ավարտը։ Համապատասխան որոշումը կայացվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում։
Կառավարությունն էկոնոմիկայի նախարարության առաջարկով թուքական ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարացրեց ևս 6 ամսով, քանի որ նախորդ որոշմամբ սահմանված ժամկետն ավարտվում էր արդեն հուլիսի 1-ին։
«Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը պետք է դիտարկել ոչ միայն որպես Թուրքիայի հանդեպ տնտեսական սանկցիա, այլև անվտանգության տեսանկյունից` ՀՀ–ի կողմից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորման դադարեցում»,– հարցի ներկայացման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նաև հայտնեց, որ նախորդ 6 ամիսների ընթացքում սահմանված արգելքի արդյունքում Թուրքիայից ներմուծման ծավալները նվազել են շուրջ 70 տոկոսով։ Էապես փոխվել է նաև ներմուծվող ապրանքների կազմը:
«Եթե նախկինում այնտեղ եղել են ավիավառելիք, ցիտրուսային մրգեր, բանջարեղեն, մաքրող միջոցներ, տրիկոտաժե գործվածք, ապա այժմ հիմնականում` շինանյութ, տրիկոտաժե և բամբակե գործվածք, բնական կաշի»,–ասաց Քերոբյանը։
Նա նաև հիշեցրեց, որ տեղական կաշվի արտադրությունը զարգացնելու նպատակով կառավարությունը նաև չմշակված կաշվի արտահանման արգելք է սահմանել, որպեսզի այն էժան գներով արտահանվելու փոխարեն մշակվի տեղում ու արտահանվի արդեն որպես պատրաստի արտադրանք։
Կառավարության սահմանած արգելքը չի տարածվում «վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վրա, ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչների (դիլերներ, տարածորդներ, գործակալներ) կողմից ներմուծվող և թուրքական ծագում ունեցող այն ապրանքների վրա, որոնք նախատեսված են հաճախորդների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար, ինչպես նաև` ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների վրա։