Ռուսական ռադիոլոկացիոն կայանը ծածկել է Հայաստանի տարածքը օդային հարվածներից
Ռուսաստանյան մասնագիտացված Avia.pro կայքում բավականին ինտրիգային հոդված է այն մասին, որ հուլիսի 12-ից Տավուշի հայ-ադրբեջանական սահմանի մոտ հայ-ադրբեջանական էսկալացիայի օրերին Հայաստանի օդային տարածքը ամբողջությամբ ծածկվել է «Կոնտեյներ» անունով ռադիոլոկացիոն կայանի և ռուսական հակաօդային պաշտպանության միջոցների կողմից։ Հոդվածում քողարկված և ոչ այնքան՝ ակնարկներ են այն մասին, որ հայկական կողմի հաջողություններն արձանագրվել են ոչ առանց ռուսական կողմի աջակցության։
Մի քանի ամիս առաջ ռուսական զինվորականների կողմից շարք հանված «Կոնտեյներ» ռադիոլոկացիոն կայանն ամբողջությամբ ծածկում է Հայաստանի տարածքը յուրաքանչյուր արտաքին սպառնալիքից։ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, լիարժեք իրավունք ունի Ռուսաստանից ստանալ օգնություն ցանկացած արտաքին վտանգի դեպքում։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանն իր «Կոնտեյներ» ռադիոլոկացիոն կայանի «հովանոցով» ու հակաօդային միջոցներով փակում է այս երկրի տարածքը՝ փոխանցելով տվյալներ օդից հարվածների ցանկացած սպառնալիքի դեպքում։ Ինչպես նշում են փորձագետները՝ Հայաստանի հակաօդային պաշտպանության համեմատաբար թույլ համակարգը, երաշխավորված լինելով օդային թիրախների հայտնաբերման ռուսաստանյան հնարավորություններից, կարող էր հեռավոր տարածություններից արձակված ադրբեջանական անօդաչուներին, այդ թվում՝ մի քանի օր առաջ հայ զինվորականների կողմից խփված Hermes 900-ը խոցել։
«Ամբողջ այն թվային էլեկտրոնիկան, որով բառացիորեն՝ լեփ-լեցուն է իսրայելական Hermes 900 անօդաչուն, միանգամայն բավարար կլիներ, որպեսզի անօդաչուն անարգել ու աննկատ մնար այն տարածքում, որտեղ այն խոցվեց, բայց, դատելով ամեն ինչից, դրոնի թռիչքը վերահսկվում էր, ըստ որում, ամենայն հավանականությամբ՝ դրա օդ բարձրանալու առաջին իսկ վայրկյանից»,- հաղորդում է է պարբերականի վերլուծաբանը։
Մասնագետները նշում են, որ ներկա պահին կողմերը դեռ չեն կիրառում ռազմական ավիացիայի սպառազինություններ, բայց նույնիսկ ադրբեջանական նման մեծ խմբաքանակների դեպքում, Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ ակնհայտորեն ունի իրավիճակի վերահսկողության շատ ավելի մեծ հնարավորություններ։
«Հրապարակը» փորձեց մեկնաբանություն ստանալ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանից։ Վերջինս չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, ինչպես նաև անպատասխան է թողել ուղարկված գրությունը։ Հետո գրեց, որ հանդիպումից ազատվելու դեպքում կմեկնաբանի։ Այնուհետև, ասաց, որ չեն մեկնաբանում։
Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի մեկնաբանում ու ավելացրեց․«Ձեր նշած կայքը մասնագիտացված կայք է, չեմ մեկնաբանում, հետաքրքիր տեսակետ է, հաշվի կառնենք»։