Առավոտյան տեղի ոստիկանության աշխատակիցները գնացել են Կուլիկամ, ինչպես բնակիչներն են ասում, այնտեղ անգամ եղել է Ախալքալաքի ոստիկանապետը: Ոստիկաններն Ախալցիխեում հարցաքննության կանչելու ծանուցագիր են բաժանել, ըստ բնակիչների՝ 15-ից 40 երիտասարդի: Կուլիկամի բնակիչները, սպանված Վարդ Միրանյանի հոր գլխավորությամբ, հավաքվել են գյուղի կենտրոնում և պահանջում են հանգիստ թողնել գյուղի երիտասարդությանը:
«Իմ պահանջն այն է, որ տղաներին չտանեն: Իմ որդին մահացել է, եթե մեկ ուրիշի որդին էլ այս գործի ընթացքում տուժի, ապա իմ կյանքն այլևս իմաստ չի ունենա: Ես կհամարեմ, որ ոչինչ տեղի չի ունեցել, կհամարեմ, որ ես զոհաբերեցի որդուս: Մենք չենք պատրաստվում վրեժ լուծել կամ թշնամանք ցուցաբերել: Մենք հավաքվել ենք, որպեսզի որդուս մահվան պատճառով գյուղի երիտասարդ տղաներին չհարցաքննեն և ոչինչ չձեռնարկեն, նրանց հանգիստ թողնեն: Ես նաև ոստիկաններին եմ ասել, որ եթե ինչ-որ տղայի տանեն Ախալցիխե և բանտարկեն, ապա ես ինձ քաղաքի կենտրոնում կվառեմ», – ասում է Արսեն Միրանյանը:
Կուլիկամի բնակիչները՝ կանայք և տղամարդիկ, ոստիկանությանը հայտնել են, որ իրենք թույլ չեն տա երիտասարդներին տանել հարցաքննության, որ նրանք պատրաստ են գնալ ամբողջ գյուղով: Եվ ասում են՝ թող ավտոբուսներ բերեն և բոլորին տանեն:
Ոստիկաններն ասել են, որ պետք է խոսեն վերադասի հետ, և հետո պատասխան տան գյուղացիներին: Մասնակիցները սպասում են ոստիկանների պատասխանին: