Վրաստանի ընդհանուր բնակչության մեջ կենսաթոշակառուների թիվը վերջին 5 տարում աճել է 10.2%-ով։ Մասնավորապես, 2024 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ բնակչության 23%-ից ավելին կենսաթոշակային տարիքի է։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ Վրաստանում բնակվում է ավելի քան 3.69 միլիոն մարդ, որոնցից 864 հազարից ավելին կենսաթոշակառուներ են։ Տվյալները ցույց են տալիս, որ բնակչության ծերացման գործընթացը շարունակվում է։
Ընդհանուր բնակչության մեջ կենսաթոշակառուների աճը, ըստ մասնագետների, վկայում է ազգի ծերացման մասին։ Սա բացատրվում է ծնելիության կրճատմամբ և կյանքի միջին տևողության աճով։ Բացի այդ, ըստ դեմոգրաֆ Գիորգի Մելաձեի, այս գործընթացը կապված է նաև երիտասարդների արտագաղթի հետ։
Նրա խոսքով, արտագաղթում են հիմնականում 20-50 տարեկան քաղաքացիները, և այս տարիքային խմբի կրճատումը բնակչության մեջ նպաստում է տարիքով մեծ քաղաքացիների տոկոսային աճին։
«Շատ մարդիկ են գնում, և նրանք հիմնականում 20-50 տարեկան են։ Եթե այս տարիքային խմբի քաղաքացիների թիվը նվազում է, ապա բնականաբար, բնակչության կառուցվածքում բարձր տարիք ունեցող մարդկանց թիվը հարաբերականորեն ավելանում է։ Կենսաթոշակային տարիքի մարդկանց թվի աճը մեծ բեռ է դնում պետության ֆինանսական համակարգի վրա, քանի որ կբարձրանան կենսաթոշակային վճարումները։ Բացի այդ, առողջապահության վրա նույնպես մեծ ծանրաբեռնվածություն կլինի, քանի որ տարեց մարդկանց համար ավելի շատ արտոնություններ են անհրաժեշտ»,- ասում է Գիորգի Մելաձեն։
Վերջին, 2023 թվականի տվյալներով՝ արտագաղթել են 14 տարեկանից ցածր 86,511 երեխա, 15-64 տարեկան 152,383 քաղաքացի և 65+ տարեկան 6,170 անձ։