Անկարայում քանդել են հայկական գերեզմանոցներն ու աճյունները հանել շիրիմներից
Ի պատասխան տեղի հայ համայնքի բողոքի՝ Անկարայի քաղաքապետը հայտնել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան թաղամասում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Սուրբ Քառասուն մանուկ եկեղեցիներին կից գտնվող հայկական գերեզմանոցը ավերել են: Լուրը հայտնում է ermenihaber.com-ը։
Ըստ աղբյուրի՝ աճյունները դուրս են բերվել շիրիմներից, ամենուր մարդկային ոսկորներ են ցրիվ տրված։
Նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի հիմնադրած «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության փոխնախագահ Մուսթաֆա Յեներօղլուն այս հարցով դիմել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին։
«Գերեզմանից հանված ոսկորները պետք է նորից թաղվեն, և տարածքը պետք է պաշտպանված լինի: Քաղաքակրթության պահանջներից մեկն է գերեզմանատների և մշակութային ժառանգության պահպանությունը», - ասել է Յեներօղլուն` քաղաքապետի հետ զրույցում, գրում է թուրքական Aktif Haber պարբերականը։
Պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայի քաղաքապետը տեղեկացրել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով։
Թուրքիայում առաջին դեպքը չէ, երբ հայկական գերեզման է պղծվում։ Այս տարվա փետրվարին Անկարայի քրիստոնյա քաղաքացիներին պատկանող Օրթագյուղի գերեզմանատանն անհայտ անձինք քանդել են 19 գերեզմանաքար։