Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին, հայտնում է Արցախի դատախազությունը:
Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, օրվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել է «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները:
Այս շաբաթասկզբին ևս Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նշանառու կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ երկու զինծառայող, նրանցից մեկը մահացել էր:
Փետրվարի վերջին ադրբեջանական կողմը շուրջ երեք օր բարձրախոսով Խրամորթ գյուղը լքելու կոչեր էր հնչեցնում։ Իրավիճակը որոշակի հանդարտվեց ադրբեջանական կողմի հետ ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններից հետո։
Ադրբեջանական կոչերից շուրջ 10 օր առաջ էլ դաշտում աշխատող տրակտորիստի ու հողագործների ուղղությամբ էին ադրբեջանական հենակետերից թիրախային կրակոցներ արձակել։ Պաշտոնական Բաքուն այս միջադեպը ներկայացրել էր, թե հայերը փորձել են խրամատներ փորել՝ գյուղաշխատանքների քողի ներքո: