Զելենսկին դիմել է ռուս զինվորականներին
Ուկրաինայում ռուս զինվորականներին միայն մահ կամ գերություն է սպասվում, փախչելու համար դեռ ուշ չէ, ասում է նախագահը։ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը՝ մարտի 9-ին, դիմել է ռուս զինվորականներին «տուն գնալու» կոչով։
«Գրեթե 2 շաբաթ, մեր դիմադրությունը ցույց տվեց ձեզ, որ մենք չենք հանձնվելու, որ մենք կպայքարենք այնքան ժամանակ, մինչև չվերադարձնենք մեր հողը և մինչև ամբողջական պատասխան չտանք մեր բոլոր սպանվածների համար, սպանված երեխաների համար»,- ասել է նա։
«Դուք դեռ կարող եք փրկել ձեզ: Եթե պարզապես հեռանաք»,- ասել է Զելենսկին՝ կոչ անելով զինվորներին՝ «չհավատալ հրամանատարներին, երբ նրանք ասում են, որ դեռ հնարավորություն ունեք Ուկրաինայում։
«Այստեղ ձեզ ոչինչ չի սպասում՝ բացի գերությունից կամ մահից, դուք կվերցնեք մեր կյանքը և կտաք ձերը: Եվ գիտենք, գաղտնալսումներ ունենք, որ ձեր հրամանատարներն արդեն ամեն ինչ հասկանում են: Այս պատերազմը պետք է ավարտվի: Մենք պետք է վերադառնանք խաղաղության: Հեռացեք մեր տներից, գնացեք ձեր մոտ»,- ասել է նախագահը։
Զելենսկին նաև ասել է, որ որոշ ուկրաինացի քաղաքական գործիչներ «կապեր են փնտրում» Ռուսաստանի հետ և աշխատում են հասարակությունը պառակտելու ուղղությամբ։
«Մենք տարբեր ազդանշաններ ենք ստանում, որ որոշ քաղաքական գործիչներ կրկին կապեր են փնտրում Ռուսաստանի հետ, իսկ ոմանք կրկին աշխատում են պառակտման համար՝ հակառակ միասնության։
Ուզում եմ մի բան ասել և միայն մեկ անգամ. տեսնում եմ, թե ինչ եք անում: Եթե այլ ազդանշան լսեմ, պատասխանը արագ կլինի: Ինչպես պետք է լինի պատերազմի ժամանակ»,- ասել է Զելենսկին։