Վիզային ռեժիմի չեղարկումը մարդասիրական որոշում է. Պեսկով
Դեպի Վրաստան թռիչքների վերականգնումը և վիզային ռեժիմի չեղարկումը մարդասիրական որոշում է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Երեկ Թբիլիսիում տարբեր արձագանքներ եղան։ Այն և՛ բացասական էր, և՛ զուսպ, թեև այս դեպքում, իհարկե, խոսքը մարդասիրական բնույթի որոշման մասին է»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Դիմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով, Ռուսաստանի կառավարությունը երկար ժամանակ դիմումներ է ստանում երկու երկրների քաղաքացիներից և ձեռնարկատերերից, ինչպես նաև հասարակական միավորումներից, գիտական շրջանակներից և մշակույթի ոլորտի մարդկանցից, ովքեր խնդրել են այս որոշումը։
Հարցին, թե արդյոք Կրեմլի վերոնշյալ որոշումը նախապայման է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար, Դմիտրի Պեսկովը պատասխանում է, որ վաղ է խոսել ապագա հեռանկարների մասին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունած հրամանագիրը նախատեսում է Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկում և ուղիղ չվերթների վերականգնում։
Ռուսաստանը միակողմանիորեն վիզային ռեժիմ էր սահմանել Վրաստանի հետ։ Ռուսաստանի Դաշնության հետ վիզային ռեժիմը վերացվել է 2012 թվականին՝ այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով։ Մինչ այդ՝ 2010 թվականի հոկտեմբերին, վիզային ռեժիմի չեղարկումն անդրադարձել էր Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված հյուսիսկովկասյան հանրապետությունների բնակիչների վրա։