Բազմաբնակարան բնակելի տներում կենտրոնական ջեռուցման համակարգի ներդրման խթանման նպատակով, Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող հանձնաժողովը (ՍԵՄԵԿ) փոփոխություններ է կատարել «բնական գազի մատակարարման և սպառման կանոնակարգում»: Ինչ է ենթադրում փոփոխությունը և ում վրա այն կազդի, այս մասին տեղեկատվությունը տարածում է Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող հանձնաժողովը:
«Փոփոխությունների համաձայն, անկախ նրանից, թե ով է կենտրոնական ջեռուցման սեփականատեր օգտագործողը (ֆիզիկական, իրավաբանական անձ կամ համատիրություն), կենցաղային սակագինը կգանձվի այն գազի քանակության համար, որն օգտագործվում է կենցաղային նպատակներով: Արդյունքում, կենտրոնական ջեռուցման համակարգի սեփականատեր օգտատերը կվճարի օգտագործված բնական գազի համար՝ համապատասխանաբար կենցաղային և ոչ կենցաղային նպատակներով օգտվողների բաժնի հիման վրա: Օրինակ՝ եթե հաշվարկային հաշվիչում արձանագրվել է 1000 մ³ բնական գազի սպառում, իսկ կենտրոնական ջեռուցման համակարգի համար տեղադրված անհատական հաշվիչի տվյալներով հաստատվում է, որ 80%-ն օգտագործվել է կենցաղային նպատակներով, լիցենզավորված ընկերությունը կկատարի ընդհանուր սպառման կենցաղային մասի հաշվարկը և 1000 մ³-ից 800 մ³-ի համար կգանձվի կենցաղային սակագնով, իսկ մնացած 200 մ³-ի համար՝ ոչ կենցաղային սակագնով»,- ասված է ՍԵՄԵԿ-ի հայտարարության մեջ:
Հանձնաժողովի տեղեկացմամբ՝ կենցաղային նպատակներով սպառված բնական գազի մասի հաշվարկի համար անհրաժեշտ է, որ կենտրոնական ջեռուցման օգտատերերի ջերմային էներգիայի (տաք ջուր և ջեռուցում) սպառումը հաշվառվի անհատական խելացի հաշվիչների միջոցով, իսկ կենտրոնական ջեռուցման համակարգը շահագործվի վերականգնվող կամ այլընտրանքային աղբյուրներով՝ գազի կախվածությունը նվազեցնելու նպատակով:
Սահմանման համաձայն, պահանջը չի տարածվում՝
- 2025 թվականից առաջ շահագործման հանձնված շինությունների վրա,
- այն շինությունների վրա, որոնց հիմնական կառուցվածքային համակարգերի տեղադրումն ավարտվել է 2025 թվականից առաջ:
Կենտրոնական ջեռուցման կենցաղային օգտատերը կստանա մի շարք առավելություններ, այդ թվում՝
- Բնական գազի գծով նվազեցված վճարներ (ջեռուցման և տաք ջրի ծախսերի կրճատում),
- Բնակարանում անհատական կաթսայի օգտագործման հետ կապված անվտանգության ռիսկերի նվազեցում (տեխնիկական անսարքություններ և այլ հարցեր) և շահագործման ծախսերի նվազեցում,
- Ջեռուցման և տաք ջրի համար վերականգնվող էներգիայի (արևային, երկրաջերմային, կենսաէներգիա և այլն) օգտագործման հնարավորություն,
- Կենտրոնական ջեռուցման համակարգի բարձր արդյունավետության գործակցից օգտվելու հնարավորություն:
- Հնարավոր կլինի նաև արտանետվող գազերի արտանետումների կրճատում և վերահսկում:
Եթե այս պայմանները բավարարվում են, շահագրգիռ անձը պետք է դիմի բնական գազի բաշխման լիցենզավորված կազմակերպությանը՝ «Կենտրոնական ջեռուցման սեփականատեր օգտագործող գրանցման հայտով»։