Վրաստանում յուրաքանչյուր վեցերորդ քաղաքացի 65 տարեկանից բարձր է
Վրաստանում բնակչության իրավիճակի վերաբերյալ հստակ և որակյալ տվյալների հասանելիության բարելավման և կարիքների գնահատման նպատակով մարտի 11-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։
Հանդիպման մասնակիցներին ողջունեցին UNFPA-ի Վրաստանի գրասենյակի ղեկավար Մարիամ Բանձելաձեն, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) Բնակչության բաժնի ղեկավար Լիզա Ուորթը և Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության Առողջապահական քաղաքականության վարչության պետ Քեթևան Գոգինաշվիլին։
Հրապարակված տվյալների համաձայն՝ Վրաստանում յուրաքանչյուր վեցերորդ քաղաքացի 65 տարեկանից բարձր է։
UNECE-ի խորհրդատու Թենգիզ Ցեկվավան ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները, որոնք վերաբերում են Վրաստանում բնակչության ծերացման հետ կապված տվյալների հասանելիության և կարիքների գնահատմանը։ Դրան հաջորդեցին փոքր խմբերում քննարկումներ ուսումնասիրության արդյունքների, առաջարկությունների և որակյալ տվյալների հասանելիության բարելավման նպատակով առաջնահերթությունների ու հետագա քայլերի որոշման վերաբերյալ։
Բնակչության ծերացումն ազդում է հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա և կարող է հանգեցնել էական փոփոխությունների տնտեսության, աշխատաշուկայի, սոցիալական պաշտպանության, կրթության և առողջապահության համակարգերում։ Տվյալների հասանելիության և կարիքների գնահատման նպատակն է բարելավել Վրաստանում ծերացման հետ կապված վիճակագրության և վարչական տվյալների հավաքագրման ու հաշվառման որակը։