Տեղեկություն արտասահմանցիների առանց վիզայի Վրաստան մուտքի մասին
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը տարածել է տեղեկատվություն այն փոփոխությունների վերաբերյալ, որոնք սահմանում են այն երկրների ցանկը, որոնց վիզա կամ բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Վրաստան։
ՆԳՆ-ն ընդգծում է, որ սոցիալական ցանցերում և որոշ մեդիա հարթակներում սխալ մեկնաբանությամբ և միտումնավոր տարածվում է տեղեկատվություն, թե իբր նոր փոփոխությունները հեշտացնում են որոշ երկրների քաղաքացիների մուտքը Վրաստանի սահմանով։
Մասնավորապես, նախարարությունը պարզաբանում է, որ Աֆղանստանի, Բանգլադեշի, Գանայի, Եթովպիայի, Էրիթրեայի, Եմենի, Կամերունի, Կոտ դ’Իվուարի, Կոնգոյի, Մարոկկոյի, Նիգերիայի, Պակիստանի, Սոմալիի, Սիրիայի, Սուդանի, Տանզանիայի և Ուգանդայի քաղաքացիները մինչև փոփոխությունները ևս կարող էին մուտք գործել Վրաստան՝ եթե ունեին Ծոցի երկրների վիզա կամ բնակության թույլտվություն։ Սակայն մինչ այդ չկար հստակ սահմանված պահանջ՝ վիզայի կամ թույլտվության գործողության ժամկետի վերաբերյալ։
Նոր փոփոխությամբ՝ այդ երկրների քաղաքացիները այլևս չեն կարող մուտք գործել Վրաստան առանց վիզայի, եթե իրենց բազմամուտք վիզայի կամ բնակության իրավունքի գործողության ժամկետը սահմանին մուտքի օրը չի կազմում առնվազն մեկ տարի։ Այս փաստը պետք է հաստատվի համապատասխան ճանապարհորդական կամ այլ փաստաթղթերով։
Այս փոփոխությունները ընդունվել են 2025 թվականի ապրիլի 17-ին, և նպատակը ոչ թե մուտքի գործընթացի պարզեցումն է, այլ՝ որոշ երկրների քաղաքացիների համար պահանջների խստացումը՝ անօրինական միգրացիայի կանխարգելման նպատակով։
Նախարարությունը հստակեցնում է՝ կառավարության համապատասխան որոշման փոփոխությունները ուղղված են անվտանգության բարձրացմանը և մուտքի կարգի վերահսկմանը: