Վրաստանը պատրաստվում է Անկախության օրվա տոնակատարությանը
Անկախության օրվա գլխավոր միջոցառման ընդհանուր փորձն անցկացվել է Ազատության հրապարակում։ Փորձին ներկա էին Վրաստանի փոխվարչապետը, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին, նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլին և պաշտպանության ուժերի ղեկավար ներկայացուցիչները։
Զինվորականների տոնական միջոցառման նախապատրաստման աշխատանքները ղեկավարել է պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մատիաշվիլին։ Տեղում էին նաև պաշտպանության ուժերի տարբեր հրամանատարությունների ղեկավարներ, ովքեր ռեժիսորի հետ միասին քննարկել և ամփոփել են վերջին մանրամասները։
Նախարարության փոխանցմամբ, Պաշտպանության ուժերի անձնակազմից բացի, փորձին ներկա են եղել նաև Ազգային զինվորական ծառայության նորակոչիկները, ովքեր մայիսի 26-ին հանդիսավոր կերպով կտան զինվորական երդում և կմիանան Պաշտպանության ուժերին։ Ազատության հրապարակից բացի, զորակոչիկները երդում կտան երկրի հինգ այլ պատմական վայրերում։
Մայիսի 26-ին, ավանդույթի համաձայն, բնակչությունը հնարավորություն կունենա տեսնելու ռազմական տեխնիկա, զենք և պաշարներ 21 քաղաքներում և համայնքներում։ Ցուցահանդեսներ կանցկացվեն Թբիլիսիում, Գորիում, Ախալցիխեում, Մցխեթայում, Ռուսթավիում, Քութայիսիում, Զուգդիդիում, Օզուրգեթիում, Փոթիում, Խոնիում, Ամբրոլաուրիում, Բաթումիում, Թելավիում, Ախալքալաքում, Մառնեուլիում, Սենակիում, Սամտրեդիայում, Բաղդաթիում, Չխորոծղուում, Աբաշայում և Մարտվիլիում։ Ազատության հրապարակում երդմնակալության արարողության և հանդիսավոր միջոցառման ավարտին օդային պաշտպանության և ավիացիայի հրամանատարության ինքնաթիռներ կթռչեն։