Այսօր Վրաստանը օլիգարխների կողմից զավթված է - Վոլոդիմիր Զելենսկի
Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի գործողությունները թույլ են, - այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է CBN-ին տված հարցազրույցում, որը տարածում է ուկրաինական մամուլը։
Ուկրաինայի նախագահի խոսքով, Ուկրաինայի պարտությունը կհանգեցնի «պատերազմների բռնկմանը» աշխարհի տարբեր կետերում՝ ինչպես Եվրոպայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Օրինակ բերելով Վրաստանում տիրող իրավիճակը, Զելենսկին ասաց․
«Կարծում եմ, Վրաստանում առկա իրավիճակի հետ կապված ԱՄՆ-ի գործողությունները թույլ են։ Շատ մեծ նմանություն կա։ Վրաստանի մի մասի (Ռուսաստանի կողմից) օկուպացիա տեղի ունեցավ։ Դրա հետ կապված ոչինչ չի արվել. դա Վրաստանի մեռած հատվածն է։ Այնտեղ կյանք չկա, և այդպիսի քաղաքակրթություն գոյություն չունի»,- նշել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միտումնավոր ստեղծել է սառեցված հակամարտություն՝ խոչընդոտելու Վրաստանի զարգացմանը և նրա անդամակցությանը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։
«Վրաստանը, որը երեկ ազատ և ժողովրդավարական էր, այսօր օլիգարխների կողմից զավթված է։ Ամբողջ իշխանությունը պատկանում է բիզնեսին, որը ուղղակի կապ ունի Մոսկվայի հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով, այս պահին Վրաստանի կառավարությունը ամբողջովին ենթարկվում է «Ռուսաստանի Դաշնության քաղաքական վերահսկողությանը»։