Կարտոֆիլի գինը թանկացել է
Վերջին օրերին Ախալցիխեում կարտոֆիլի գինը աճել է: Մարտի 15-ի տվյալներով, որոշ խանութներում կարտոֆիլն արժեր 1 լարի 20 թեթրի: Մարտի 18-ին, նույն խանութից կարտոֆիլ գնել հնարավոր էր 1 լարի 80 թեթրիով, իսկ այսօր, քաղաքի կենտրոնական խանութներում կարտոֆիլի գինը հասել է 2 լարիի:
«Ախալցիխեի կենտրոնական շուկայից ենք բերում, դժվարանում ենք գնել, որովհետև եթե նախկինում ամեն քայլափոխին կարտոֆիլ էին վաճառում, հիմա մի քանի տեղ կա, այն էլ թանկացած: Պարզ է,որ եթե ես գնում եմ 1,70 թեթրիով, պետք է վաճառեմ գոնե 1,90-ով, կամ երկու լարիով: Սա ճգնաժամ է, բոլորիս համար»,- ասում է խանութներից մեկի սեփականատերը:
Օրերս, Nor.ge լրատվական կայքը տարածեց նյութ, որտեղ նշվում է, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում նույնպես նկատվում է կարտոֆիլի գների աճ:
Ըստ Նինոծմինդայի կարտոֆիլ մշակողների, ներկայումս տեղում գինը տատանվում է 1,20-ից 1,30 լարիի միջեւ:
Կարտոֆիլագործ Խաչիկ Ալվանջյանը նշում է, որ գնորդները օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարում են և խնդրում, որ կարտոֆիլ վաճառենք: Պահանջարկը շատ մեծ է:
Թբիլիսիի բնակիչներն ասում են, որ խանութներում և առևտրի կենտրոններում մեկ կիլոգրամ կարտոֆիլի գինը 2,50 լարի է:
Կարտոֆիլի գների բարձրացումը հիմնականում կապված է կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով պահանջարկի ավելացման հետ: