Վրաստանում հացը կէժանանա
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ կառավարությունն ակնկալում է, որ Վրաստանում հացի գինը կնվազի։ Նրա խոսքով, գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հանդիպում է ունեցել ոլորտի ներկայացուցիչների հետ։
«Մենք նախնական զրույց ունեցանք հաց արտադրողների հետ։ Ալյուրի գնի զգալի նվազում է նկատվել, և համապատասխանաբար դա պետք է արտացոլվի հացի գների վրա։ Օթար Շամուգիան արդեն խոսել է ոլորտի ներկայացուցիչների հետ, և մենք դրական ակնկալիքներ ունենք»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով՝ դեղերի, սննդամթերքի, վառելիքի էժանացումը շարունակվում է:
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի խոսքով՝ առաջին անհրաժեշտության հացի գները կարող են նվազել։
Ինչպես նա ասաց կառավարության նիստի ավարտից հետո կայացած ճեպազրույցում, վերջերս ցորենի և ալյուրի գները նվազել են, ինչը հացի գնի նվազման նախապայման է։
«Վերջին շրջանում ցորենի և ալյուրի գները զգալիորեն նվազել են, և կարելի է ասել՝ հատկապես ալյուրի, մենք շփվել ենք հաց արտադրողների հետ և ակնկալում ենք, որ ալյուրի գնի նվազումը, որը մենք նկատում ենք, արդեն կարտացոլվի հացի և այլնի վրա»,- ասել է նախարարը։
Վրաստանի «Հաց արտադրողների ասոցիացիայի» ղեկավար Մալխազ Դոլիձենի խոսքով, հացը կէժանանա 10 թեթրիով: Սակայն նա չի պարզաբանում, թե երբվանից հնարավոր կլինի ձեռք բերել էժան հաց:
«Հիմա հացը 10 թեթրիով էժանացնելու տարբերակ կա ալյուրի էժանացումը հնարավորություն է տալիս էժանացնել նաև հացը։ Անցած շաբաթ մեկ պարկ ալյուրն արժեր 57 լարի, այժմ՝ 53-54 լարի է։ Նախորդ տարի ալյուրի գինը 70 լարի էր։ Ալյուրի ներմուծման աճը և գնի նվազումն այս տարի հացի էժանացման հնարավորություն են ընձեռում»,- պարզաբանել է Դոլիձեն։
Հաց արտադրողների միության ղեկավարը նաև ասել է, որ այն բանից հետո, երբ արտադրողները հացը ցածր գնով կմատուցեն, խանութները նույնպես պետք է ավելի ցածր գնով վաճառեն։