Ինչ վտանգ է սպառնում «ռուսական օրենքը» անկողնային հիվանդների տնային խնամքի ծրագրին
17:04 / 15.11.2024
Սամցխե-Ջավախքում շուրջ 150 միայնակ տարեց և ծանր հիվանդ օգտվում են տնային խնամքի ծրագրից, իսկ սահմանափակ կարողություններով անձանց և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար գործում են օրվա կենտրոններ։ Չնայած այն բանին, որ «Վրաստանի Կարիտաս» բարեգործական հիմնադրամը տարածաշրջանում ավելի քան 20 տարի զբաղվում է աղքատության հաղթահարմամբ և շահառուների հզորացմամբ, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո կենսական կարևորության ծրագրերի իրականացումը հայտնվել է վտանգի տակ։
Ախալցիխեում, Դեմետրե Երկրորդի փողոցում, մի տան մեջ ապրում են երկու ծանր հիվանդներ։ 95-ամյա Մարիամ Գվարամաձեն երկու տարի է, ինչ անկողնային վիճակում է, իսկ 69-ամյա Ռոման Գվարամաձեն՝ ինսուլտի հետևանքով, յոթ տարի է, ինչ չի կարողանում շարժվել։ Արդեն վեց տարի է, շաբաթը երկու անգամ նրանց տուն այցելում է բուժքույրը, ով անվճար իրականացնում է բժշկական մանիպուլյացիաներ, ինչպես նաև տրամադրում հիգիենայի միջոցներ։ Ռոման Գվարամաձեն առաջին շահառուներից է, ով միացել է «Վրաստանի Կարիտաս» բարեգործական հիմնադրամի տնային խնամքի ծրագրին։
«Ամուսինս առաջին կարգի հաշմանդամ է, իսկ տատիկը՝ տարիքից ելնելով, այլևս չի կարողանում քայլել։ Բուժքույրերը գալիս են, օգնում մեզ, մաքրում ամեն ինչ, փոխում հիգիենիկ պարագաները, տալիս դեղերը, նույնիսկ ֆիզիկական վարժություններ են անցկացնում։ Այս ամենն անվճար է, և բուժքույրերն իրենք են բերում դեղերը։ Մինչ այս ես փորձում էի ինքս անել այս ամենը, երեխաներս էլ գալիս էին, օգնում։ Մի անգամ նստեցնում էին, մի անգամ շրջում անկողնում։ Հիմա ամեն ինչ ավելի հեշտ է։ Շատ լավ է, որ կա այս կազմակերպությունը»,- պատմում է շահառուների ընտանիքի անդամ Ալա Գվարամաձեն։
Նրանց շաբաթը երկու անգամ այցելում է բուժքույր Իա Օկրոմելիձեն, ով «Վրաստանի Կարիտասի» թիմին միացել է չորս տարի առաջ։ Նա շաբաթական երկու-երեք անգամ այցելում է 20 շահառուի։
«Այս տանն, օրինակ, երկու հիվանդ կա, և ընտանիքի անդամները ֆիզիկապես շատ են հոգնում։ Օրական քանի անգամ է պետք խնամել անկողնային հիվանդին։ Նույնիսկ եթե մեկ անգամ որևէ մեկը օգնության գա, օրինակ՝ բերելով խնամքի պարագաներ, դա արդեն մեծ աջակցություն է։ Լավ կլինի, որ մեր ծառայությունը այսպես շարունակվի երկար տարիներ։ Մինչ այս աշխատանքը սկսելը, ես չէի պատկերացնում, թե նման օգնություն կարող է անհրաժեշտ լինել որևէ մեկին։ Բայց պարզվեց, որ կան ընտանիքներ, որոնք ուրախանում են, երբ որևէ մեկը գալիս է, որպեսզի օգնության ձեռք մեկնի։ Մենք այդքան շատ հիվանդներ ունենք, այդքան ընտանիք կա, որ դժվարությամբ է ապրում։ Մի օր ուշանում եմ այցելությունից և հաջորդ օրը գնում եմ, նրանք ինձ սպասում են, հարցնում՝ ինչու չես եկել։ Հաճելի է, երբ ինչ-որ մեկին օգնում ես»։
Տնային խնամքի բուժքույրերից առաջիններից է Նինո Նադիրաձեն, ով ծրագրի մեկնարկից ի վեր արդեն յոթ տարի է աշխատում է անկողնային հիվանդների հետ։ Նրա շահառուները տարբեր հոգեբանական վիճակով և առողջական խնդիրներով մարդիկ են։ Հետևաբար, նա նրանց հետ աշխատելիս ընտրում է անհատական մոտեցումներ՝ կախված նրանց կարիքներից։
«Մենք շատ հիվանդներ ունենք, ստիպված ենք այցելել թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում։ Կան ընտանիքներ, որոնք օգնող չունեն, նույնիսկ ամենապարզ հիգիենիկ կանոնները պահպանելու համար։ Մեր այցերը նրանց համար մեծ հույս ու օգնություն են։ Մենք ջանք չենք խնայում և ամեն կերպ աջակցում ենք անկողնային հիվանդներին։ Յուրաքանչյուր հիվանդ անհատական մոտեցում է պահանջում, և մենք նրանց տրամադրությունից կախված համապատասխան աջակցություն ենք ցուցաբերում»։
Տնային խնամքի ծրագրին 14 ամիս առաջ միացավ Զոյա Նասրաձեի մայրը։ Զոյան պատմում է, որ ծրագրի մասին պատահաբար է իմացել, և այդ ժամանակից ի վեր մոր խնամքը նրա համար ավելի հեշտացել է։ Ավելորդ քաշ ունեցող կինը չունի լեղապարկ, ունի լյարդի խնդիրներ, տառապում է հոդացավերով, չի կարողանում կանգնել կամ նստել։
«Այս մարդկանց հանդիպելը ինձ համար աստծո պարգև էր։ Շատ դժվար էր մորս միայնակ խնամելը։ Նրանց աշխատանքը մեծապես գնահատելի է, և շնորհակալ եմ նրանց ֆինանսավորողներին։ Ինձ և մորս համար նրանք հսկայական աշխատանք են կատարում։ Սրբիչները շատ թանկ են, իսկ նրանցից մեկ փաթեթ ստանալը մեծ օգնություն է մեզ համար։ Երբ երեք երեխա ունես և հիվանդ մայր, ով հատուկ խնամք է պահանջում, սա մեծ աջակցություն է։ Նրանք շաբաթը երկու անգամ գալիս են, իսկ եթե ազատ ժամանակ ունեն՝ երեք անգամ։ Մորս համար մերսումն անհրաժեշտ է, դա նրան շատ դուր է գալիս, և նա իրեն ավելի լավ է զգում։ Նրանք օգնում են ինձ մորս նստեցնել։ Ես չէի հավատում, որ ինչ-որ մեկը կարող է գալ, սրբիչ բերել, մաքրել և օգնել ինձ նրա խնամքի հարցում»,- ասում է Զոյան Տնային խնամքի ծրագիրը Սամցխե-Ջավախեթիում գործարկվել է 2018 թվականի մարտից՝ 50 շահառուով։ Վեց տարի անց հիվանդների թիվը եռապատկվել է։ Ներկայում ծրագրի շրջանակներում վեց բուժքույր սպասարկում է 147 տարբեր կատեգորիայի շահառուների Ախալցիխեի, Ադիգենիի և Ասպինձայի մունիցիպալիտետներում։
«Կատեգորիաներն ընդգրկում են Բարթելի ինդեքսի գնահատումը, որը բաժանվում է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանների։ Դրա միջոցով մենք գնահատում ենք շահառուի վիճակը և կազմում նրանց խնամքի պլանը։ Դրանից ելնելով՝ շահառուները բաժանվում են լիարժեք և մասնակի խնամքի կարիք ունեցողների։ Մենք ունենք 97 անկողնային հիվանդ։ Վեց բուժքույրերն էլ վերապատրաստվել են գերմանական ծրագրով։ Որակավորման բարձրացման նպատակով նրանք ամեն տարի վերապատրաստվում են «Կարիտասի» հիմնական գրասենյակում առողջապահական ծրագրի շրջանակներում», - նշում է «Վրաստանի Կարիտասի» Հարավային Վրաստանի ծրագրի պատասխանատու և տնային խնամքի համակարգող Խաթունա Խիթարիշվիլին։ Նրա խոսքով, ծրագրին միանալու ցանկություն ունեցողների թիվը շատ ավելի մեծ է, սակայն դոնորներից կախված բարեգործական հիմնադրամը դեռևս չի կարող ավելացնել հիվանդների քանակը։
«Ֆինանսական սահմանափակումների պատճառով չենք կարող նոր շահառուներ ավելացնել։ Գիտե՞ք, քանի մարդ է ցանկանում միանալ։ Ահա, սեղանիս վրա սոցիալապես անապահով անձանց փաստաթղթերն են, բայց չենք կարողանում նրանց ընդգրկել ծրագրում՝ ռեսուրսների բացակայության պատճառով։ Վրաստանից միգրացիան մեծ է, և տարեց մարդիկ հիմնականում մնում են միայնակ, ինչի հետևանքով իրավիճակը շատ վատթար է։ Հույս ունեմ, որ ապագայում կդառնանք պետական խնամքի գործակալության գործընկերը, և եթե մունիցիպալիտետից էլ ստանանք ֆինանսական աջակցություն, կկարողանանք ավելացնել շահառուների թիվը»։
Բարեգործական հիմնադրամը՝ «Վրաստանի Կարիտասը», հիմնադրվել է 1994 թվականին։ Այդ ժամանակից ի վեր կազմակերպությունը աջակցում է միայնակ տարեցներին, խնամքից զրկված երեխաներին, անօթևաններին, սահմանափակ հնարավորություններով անձանց և անկողնային հիվանդներին՝ նրանց նկատմամբ ամենօրյա խնամքի և սոցիալական պայմանների բարելավման միջոցով։
Բարեգործական հիմնադրամը Սամցխե-Ջավախեթիում գործունեություն է ծավալում ավելի քան 20 տարի։ Կազմակերպությունն աշխատում է տարածաշրջանում նպաստել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթությանը՝ նրանց համար կազմակերպելով օրվա կենտրոններ, ինչպես նաև ապահովում է միայնակ տարեցների և սոցիալապես անապահով բնակչության բժշկական սպասարկումը՝ ներառելով դրանք տնային խնամքի ծրագրում։
«Մենք ունենք կամավորական խմբեր, որոնք բրոշյուրներ են բաժանում այն ծառայությունների մասին, որոնք առաջարկում է «Վրաստանի Կարիտասը» բնակչությանը։ Շատ դեպքերում մեր մասին տեղեկությունը տարածվում է մարդկանց միջև շփումների միջոցով։ Կաթոլիկ եկեղեցին նույնպես մեծ դեր է խաղում, քանի որ «Վրաստանի Կարիտասը» կաթոլիկ եկեղեցու կողմից հիմնադրված կազմակերպություն է։ Սակայն այստեղ կարևոր չէ, թե ինչ կրոնի հետևորդ ես։ Մեր ծառայություններից օգտվելու համար կաթոլիկ լինելը պարտադիր չէ, մենք սպասարկում ենք բոլորին։ Մեր գործունեությունն այնքան յուրահատուկ է, որ մենք տրամադրում ենք շահառուին և նրա ընտանիքին այնպիսի միջոցներ և ռեսուրսներ, որոնք նրանց հասանելի չեն»,- նշում է Խաթունա Խիթարիշվիլին՝ «Վրաստանի Կարիտասի» Հարավային Վրաստանի ծրագրի պատասխանատուն և տնային խնամքի համակարգողը։
Ծրագրերը, որոնք կենսական կարևորություն ունեն կարիքավոր բնակչության համար, ֆինանսավորվում են արևմտյան կազմակերպությունների կողմից։ Այս պատճառով, հիմնադրամը «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» կոչվող՝ նույն ինքը «ռուսական օրենքի» համաձայն, պարտավոր է գրանցվել «օտարերկրյա ազդեցության թափանցիկության ռեեստրում»։ «Կարիտասը», ինչպես նաև Վրաստանում գրանցված հազարավոր հասարակական կազմակերպություններ, հրաժարվել է գրանցվել։ Հիմնադրամի գործադիր տնօրենը նշում է, որ նրանց ծրագրերի իրականացումը վտանգի տակ է։
«Մեր ամենամեծ դոնորները Եվրոպայից և ԱՄՆ-ից են։ Օրինակ, այս տարի ֆինանսավորումն ապահովել են գերմանական կազմակերպությունները։ Այս օրենքը մեզ համար վատ է, քանի որ, եթե դոնորների համար խնդիր առաջանա մեր ծրագրերի ֆինանսավորման հարցում, դա նշանակում է, որ «Կարիտասի» նախագծերի իրականացումը շատ բարդ կլինի։ Մեր եկամուտների 68%-ը գալիս է արտասահմանից, ինչը ուղղակի օգնություն է Վրաստանի կարիքավոր բնակչությանը։ Մոտ 20%-ը ստանում ենք պետական ծրագրերից և տեղական մունիցիպալիտետներից։ Վրաստանում գրեթե անհնար է, որ հիմնադրամները տեղական մակարդակում ֆինանսավորում գտնեն»,- ասում է «Վրաստանի Կարիտասի» գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը։
Տնային խնամքի բուժքույրեր Նինոն և Իան դեռևս կարողանում են շաբաթական հինգ օր այցելել շահառուներին՝ օրական մի քանի այց կատարելով։ Սակայն, եթե բարեգործական հիմնադրամը դադարի դոնորների աջակցություն ստանալ, լիարժեք աշխատանքը կդադարեցվի։ Դա նշանակում է, որ Մարիամը, Ռոմանը և ևս 145 հիվանդներ կզրկվեն կենսական կարևորության ծառայություններից:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.