Հասարակություն
«Եվրոպայում մեղրի իրացման ալիքը կփակվի». Մեսխեթցի ֆերմեր
«Ռուսական օրենքի» վերաբերյալ Եվրահանձնաժողովի խիստ դիրքորոշումից հետո մեսխեթցի ֆերմերները խոսում են այն վտանգների մասին, որոնք կարող են ազդել նրանց արտադրանքը եվրոպական երկրներ արտահանելու վրա։
«Կոդի» կոոպերատիվի խորհրդի նախագահ Գիորգի Մերաբիշվիլին ասում է, որ եթե Եվրախորհրդարանը չեղարկի այն արտոնությունները, որոնցից օգտվում են վրացի ներկրողները Եվրամիությունում, նրանց արտադրանքը՝ «Նինոծմինդայի մեղր-Ալպիդա»-ն եվրոպական շուկայում կթանկանա, չի դիմանա մրցակցությանը, իսկ վատագույն դեպքում, վաճառքը Եվրոպայում կսահմանափակվի։
«2014 թվականից մենք օգտվում ենք խորը և համապարփակ համաձայնագրից, և Վրաստանից ԵՄ հանվող մեղրն այնտեղ ազատված է մաքսատուրքից: Եթե Եվրահանձնաժողովը սկսի քննարկել այդ արտոնությունները չեղարկելու հարցը, ապա Եվրոպայում մեղրի վաճառքի ալիքը կփակվի»,- ասում է Գիորգի Մերաբիշվիլին։
Կոոպերատիվի ղեկավարը տարիներ շարունակ զբաղվում է Նինոծմինդայի մեղրով, միաժամանակ իր արտադրանքը տարբեր երկրներ արտահանելով ու առաջ մղելով՝ փորձում է տեղ գրավել եվրոպական շուկայում։ Դրա պատճառով, Վրաստանում ընդունված այսպես կոչված «ռուսական օրենքը» անընդունելի է տնտեսական կամ քաղաքական տեսանկյունից։
2021 թվականից Գիորգի Մերաբիշվիլին «Նինոծմինդայի մեղր -Ալպիդա»-յի անունից մասնակցում է Լոնդոնի մեղրի միջազգային փառատոնին (LHA), որտեղից վերադառնում է բարձրակարգ մրցանակներով։ Ֆերմերը կարծում է, որ եթե չչեղարկվի այսպես կոչված «Ռուսական օրենքը», կփակվեն դեպի Եվրոպա տանող բոլոր ճանապարհները, քանի որ դա դեմ է եվրոպական արժեքներին:
Չնայած մարդկանց, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հակազդեցությանը, Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին ընդունեց այսպես կոչված «Ռուսական օրենքը», իսկ մայիսի 28-ին հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։
Օրենքի համաձայն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտարերկրյա տերության շահերը հետապնդող կազմակերպություն»: Հակառակ դեպքում նրանք կտուգանվեն։
Այսպես կոչված «Ռուսական օրենքի» ընդունման պատճառով ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել պետական պաշտոնյաների նկատմամբ Մի քանի օր առաջ հանրությանը հայտնի դարձավ Եվրահանձնաժողովի փաստաթուղթը, ըստ որի՝ եթե երկրում իրավիճակը չբարելավվի, ապա Եվրոպան պատժամիջոցներ կկիրառի անձնակազմի նկատմամբ, կդադարեցնի ֆինանսական օգնությունը, իսկ ծայրահեղ դեպքում՝ ժամանակավորապես կդադարեցնի առանց վիզայի ռեժիմը։
Փաստաթուղթը պատրաստվել է Եվրահանձնաժողովի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից մայիսի 27-ին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո։ Փաստաթուղթը նախատեսում է մի կողմից կարճաժամկետ միջոցներ, մյուս կողմից՝ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել, եթե Վրաստանում ապագայում իրավիճակը դեպի լավը չփոխվի։
გააზიარეთ :