«Թվում է, թե սխալ էինք աշխատում, այս օրենքը վիրավորական է», - Մախարե Մացուկատով
Հասարակական կազմակերպություն «Ախալքալաքի բիզնես կենտրոնը» 26 տարի է, ինչ աշխատում է տարածաշրջանում՝ զբաղվելով էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմամբ, նրանց կրթությամբ, գյուղատնտեսության զարգացմամբ, սկսնակ գործարարների և տեղական ինքնակառավարման աջակցությամբ:
Ղեկավարը՝ Մախարե Մացուկատովը պատմում է, որ այս ընթացքում նրանք իրականացրել են մի շարք կարևոր նախագծեր օտարերկրյա ֆինանսավորմամբ և հասել են համապատասխան արդյունքների՝ աջակցելով տեղացիներին: Եթե այսպես կոչված «ռուսական օրենքը» չդադարեցվի և իրականացվեն օրենքով նախատեսված գործողությունները, ստիպված կլինեն մտածել կազմակերպությունը փակելու մասին, քանի որ պարտադիր գրանցվելու մտադրություն չունեն:
«Մենք հետևում ենք ընթացքին և սպասում, թե այս օրենքը ինչպես կանդրադառնա մեզ վրա իրականում: Մենք չենք գրանցվի և կտեսնենք, թե ինչ կլինի սեպտեմբերի 4-ից հետո: Եթե ոչինչ չփոխվի, ավելի լավ է կազմակերպության լուծարման գործընթացը սկսենք, եթե ծրագրեր չունենանք և չկարողանանք աշխատել, մեր գոյությունը ինչ իմաստ ունի», - ասում է Մախարե Մացուկատովը:
Նա ասում է, որ 26 տարվա ընթացքում աշխատել է միայն Վրաստանի և Վրաստանի քաղաքացիների շահերի համար, ուստի նրա համար «գործակալի» կարգավիճակը անընդունելի և վիրավորական է:
«Մենք աշխատում էինք և աշխատում ենք մեր տարածաշրջանի ինտեգրման համար ծրագրերում, ինչպես տնտեսության, այնպես էլ գյուղատնտեսության, կրթության ոլորտում: Միևնույն ժամանակ, մենք ունեինք նաև տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրեր, հիմա մեզ գործակալներ են անվանում, կարծես թե մինչ այժմ սխալ էինք աշխատում և օտար երկրի շահերն էինք պաշտպանում, շատ վիրավորական է այս փաստը», - ասում է «Ախալքալաքի բիզնես կենտրոնի» ղեկավարը:
Նրա խոսքերով, օրենքի քննարկումից և ընդունումից հետո, Ջավախեթիում որոշակի միտումներ են նկատվում: Հասարակական կազմակերպությունները, որոնք ունեն տարբեր կարծիքներ այս կամ այն հարցի վերաբերյալ, ընկալվում են որպես ընդդիմություն, ինչպես բնակչության, այնպես էլ պետական կազմակերպությունների կողմից, և վերջերս տեղական իշխանությունները սահմանափակել են նրանց հետ կապը:
«Մենք տարիներ շարունակ աշխատել ենք տեղացիների բարեկեցության համար, այդպես էր և դեռևս այդպես է: Տարբեր քաղաքացիական խնդիրներ, որոնց մասին մենք խոսում ենք, մենք միշտ առաջ ենք բերում և քննարկում ենք, բայց դա չի կարելի համարել որպես ընդդիմություն», - ասում է Մախարե Մացուկատովը:
Մախարե Մացուկատովը չի ակնկալում, որ օրենքը կդադարեցվի: Նա, իր մյուս գործընկերների նման սպասում է ընտրություններին և կարծում է, որ նախընտրական շրջանը բարդ կլինի բոլորի համար, սակայն հենց այս շրջանը կորոշի ընտրությունների ճակատագիրը:
Չնայած տասնյակ հազարավոր քաղաքացիների, հասարակական և մեդիա կազմակերպությունների հակազդեցությանը, Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը մայիսի 14-ին, իսկ մայիսի 28-ին հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների պնդմամբ, այս օրենքի նպատակը օտարերկրյա ֆինանսավորումների թափանցիկությունն ապահովելն է:
Օրենքի համաձայն, այն լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություններ», հակառակ դեպքում՝ կտուգանվեն: Նման օրենքը գործում է Ռուսաստանում 2012 թվականից, որը բազմաթիվ կազմակերպությունների փակման պատճառ է դարձել։ Ռուսաստանում այլևս չկան անկախ լրատվամիջոցներ և քաղաքացիական հասարակություն:
Այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունման պատճառով ԱՄՆ-ն սահմանել է պատժամիջոցներ կառավարության ներկայացուցիչների նկատմամբ։