Վրաստանի խորհրդարանում իրավիճակը լարված է։ Լրագրողների մի մասին բռնի ուժով դուրս են բերել նիստերի դահլիճից, որտեղ անց էր կացվում իրավական հարցերի հանձնաժողովի նիստը։
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էկա Բեսելիան մոտեցել է հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլիին՝ ասելով, որ իրեն ելույթի իրավունք տա, այլապես նա հանձնաժողովի նիստին չի մասնակցի: Այդ պահին լրատվամիջոցների ներկայացուցիչները փորձել են մասնակցել նրանց խոսակցությանը, ինչից հետո էլ իրավապահները լրագրողներին դուրս են բերել դահլիճից:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, խորհրդարանի մոտ տեղի ունեցող ցույցի ժամանակ 12 անձ է ձերբակալվել: Գերատեսչության հաղորդմամբ, նշված անձինք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, նաև մանր խուլիգանության համար են ձերբակալվել:
«Ոստիկանությունը խորհրդարանի շենքի հարակից տարածքում տեղի ունեցող ցույցի ժամանակ վարչական իրավախախտման համար ձերբակալել է 12 անձի: Նշված անձինք ձերբակալված են վարչական օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ վաղ առավոտից ընդդիմությունը փորձում է արգելափակել խորհրդարանի մուտքերը: Բերման է ենթարկվել նաև ընդդիմության առաջնորդներից մեկը` Գիորգի Վաշաձեն։
Aliq.ge