Ադրբեջանցիները ՈՒԱԶ-ով փորձել են խախտել ՀՀ պետական սահմանը
Ադրբեջանցի զինծառայողները Տավուշի ուղղությամբ երկրորդ փորձն էլ են ձեռնարկել, սակայն հետ են շպրտվել։ Հայկական կողմից կորուստներ չկան:
Ադրբեջանցի զինծառայողները ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել։ Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք»,- գրել է Ստեփանյանը։
Նա հավելել է, որ առաջին փորձից մոտ մեկ ժամ անց՝ ժամը 13: 45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը։ Նրանք կիրառել են հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով՝ հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:
Հիշեցնենք` մարտի 31-ին, ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մի երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Բացի այդ, երկու զինծառայող էին վիրավորվել։
Ավելի ուշ՝ մայիսի 22-ին Արցախի ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էրբ դիվերսիոն ներթափանցման փորձ: Հակառակորդը հետ էր շպրտվել ելման դիրքեր։ Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չէր ունեցել։