Լուրեր
Ինքնակամ գերության զոհերը
«Իմ ամուսինը լուդոման է»,- ասում է 33 ամյա կինը, ով պայմանականորեն կրում է Մարի անունը: Մինչ նա կհասցներ առերեսվել իրականության հետ և կհամարձակվեր ընկալել իրողությունը, անցավ երկու տարի՝ երկու դժվար և լարված տարի: Մարիի ամուսինը մոլեխաղերի նկատմամբ հիվանդային հակում ձեռք բերեց այն ժամանակ, երբ համաճարակի պատճառով նրա աշխատանքն ընդհատվեց: 38-ամյա տղամարդը ժամանակ անցկացնելու համար սկսեց զբաղվել վիրտուալ խաղերով: Երբ Մարիի ամուսինը, քնելուց առաջ անկողմնում վերցրեց հեռախոսն ու սկսեց խաղալ անգամ գիշերվա կեսին, կինը հասկացավ, որ նրանց կյանքում արմատային փոփոխություններ են նկատվում:
Սկզբում նա համակարգչին տրամադրում էր մեկ-երկու ժամ: Կորոնավիրուսով վարակվածների թվի հետ մեկտեղ ավելանում էր այն ժամանակը, որը 38-ամյա տղամարդն անցկացնում էր համակարգչի մոտ: Երբեմն նա նույնիսկ չէր ուտում, դուրս չէր գալիս, օրեր էին անցնում այնպես, որ նա անգամ չէր հասկանում երբ է առավոտ, երբ կեսգիշեր: Երբ Մարին հայտնաբերեց, որ ոսկե զարդերը տնից անհետացել են, հասկացավ, որ իր ամուսինը խաղամոլության զոհ է դարձել:
«Սկզբում կարծում էինք, որ անգործ ու հետևաբար, առանց աշխատավարձի մնալուց, նյարդայնացած էր: Դրա համար էլ երբ համակարգչի մոտ վատնում էր ամբողջ ազատ ժամանակը ոչինչ չէինք ասում: Բայց երբ համաճարակային իրավիճակը համեմատաբար հանդարտվեց և ամուսինս սկսեց աշխատել, տուն վերադառնալուց հետո անմիջապես նստում էր համակարգչի մոտ, հասկացանք, որ իրավիճակը բավականին լուրջ էր: Վերջին մեկ տարվա ընթացքում մի լարի անգամ տուն չի բերել: Միայն մեկ անգամ երբ երեխային անհրաժեշտ էր բժշկական օգնություն, գումարը վճարեց նա: Նրան չի հետաքրքում ինչ ենք ուտում, ինչ խմում: Չգիտենք, թե որքան է նրա աշխատավարձը: Մի քանի անգամ փորձեցի հասկացնել, որ այն ինչ անում է, նորմալ չէ, բայց այնպիսի ագրեսիա ցուցաբերեց, որ այլևս չեմ համարձակվում այդ մասին զրուցել: Որ օրը փորձում եմ խոսել, այդ երեկոն ավարտվում է վեճով, այն էլ ձեռքերի մասնակցությամբ»:
Մարիի ամուսինը աշխատում է հյուրընկալ բիզնեսում: Երեկոյան ժամը 8-ին տուն վերադառնալուց հետո, նա մոտենում է համակարգչին: Նրա կինն ամեն օր տեսնում է, թե ինչպես են պտտվում ելակները համակարգչի մոնիտորի վրա և ինչպես է զրոյանում ընտանեկան բյուջեն: Մարին հիշում է, թե ինչպես մի անգամ համակարգչին հառած հոր կողքին երեխան սայթակեց, ընկավ և սկսեց լացել, իսկ հայրն անգամ ուշադրություն չդարձրեց նրա վրա: Հենց այդ ժամանակ, ընտանիքի անդամները սկսեցին ելք փնտրել իրավիճակից: Մարիի համար տագնապի ազդանշան էր, որ ընտանեկան գործերով և երեխաների դաստիարակությամբ զբաղվելու ժամանակն ամուսնու մոտ աստիճանաբար նվազում էր:
«Երկու երեխա ունենք, մինչ այժմ միշտ հետաքրքրվում էր նրանցով: Ավագին միշտ դպրոցից տուն նա էր բերում, միշտ խոսում էր նրա հետ: Փոքրիկին զբոսանքի էր տանում: Մեկ տարվա ընթացքում այնքան փոխվեց, որ երեխաների տարիքը երևի չի հիշում: Ուղակի նրան չի հետաքրքրում ինչ է կատարվում ընտանիքում՝ ուրախություն է, թե տխրություն: Երեխան երբեմն գնում է նրա մոտ, փաթաթվում, բայց անպես է կոպտում, որ լացելով հեռանում է գրկից: Փոքրիկները չեն հասկանում, թե ի՞նչ է կատարվում հայրիկի հետ, ինչու՞ այլևս չի խաղում նրանց հետ, ինչու՞ չի շփվում...»:
Մարիի ամուսինը համարում է, որ նրա վարքը նորմալ է: Չնայած, այսօր խաղամոլությունը հոգեբուժության մեջ համարվում է անկառավարելի կախվածություն: Իսկ մինչ այդ, Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան կարծում էր, որ սա իմպուլսի վերահսկման խախտում է և ոչ թե կախվածություն: Խաղացողներն իրենց մոլուցքը չեն ընդունում:
Լուդոմանիա «խաղամոլություն» տերմինը ծիծաղելի է Ախալցխացի ևս մեկ տղամարդու համար: Ասում է, որ «սլոտերով» և «ռուլետկայով» ուղակի զբաղվում է: Երբեմն էլ նրա բախտը բերում է: 46-ամյա տղամարդը ժամանակի մեծ մասը վատնում է համակարգչի վրա: Նա չի գնում խաղատներ և ակումբներ:
«Մի անգամ 6 000 լարի շահեցի, այդ օրը ևեթ տոմսերով շահեցի հաջորդ 1 500 լարին, իսկ երրորդ օրը ջեքփոթ ընկավ՝ 5 000 լարի»:
Վերոնշյալ շահույթը տեղի է ունեցել ընդամենը մեկ անգամ՝ երեք տարի առաջ: Այդ դեպքից հետո նա շահում է փոքր գումարներ՝ կրվում շատ ավելին:
«Տանը գրեթե երբեք չեմ խաղում, դրանով զբաղվում եմ միայն աշխատավայրում: Համաճարակի ժամանակ էլ աշխատում էի, ուստի ստիպված չէի մեկուսանալ և խաղալ տնից: Կինս մի քանի անգամ տեսել է, օրինակ, երբ տոմս եմ գրում, ոչինչ չի ասում: Աշխատանքս սկսվում է ժամը 10-ից, բայց առավոտյան 08:00-ից աշխատավայրում եմ: Այդ ժամանակ ոչ ոք տեղում չէ և հանգիստ խաղում եմ: Մեծ գումարներ չեմ ներդրում, գիտեմ, երբ պետք է հետ քաշվեմ: Երբ չես կարողանում վերահսկել քեզ, դա արդեն լուրջ խնդիր է: Ախալցիխեում շատ տղաներ կան, ում ընտանիքը քանդվել է հենց խաղամոլության պատճառով: Ես նման իրավիճակում չեմ: Միայն մեկ անգամ եմ կրվել 400 լարի: Երևի, այսքան տարիների ընթացքում, միասին, կրվել եմ մինչև 7 000 լարի»:
Խաղատներում ծախսված գումարի հաշիվը վաղուց կորցրել է Ախալցիխեի ևս մեկ բնակիչ: Ապրում է Ախալցիխեում, բայց հենց նրան հաջողվում էր հավաքել որոշ գումար, գնում էր Թբիլիսիի խաղատուն: Ազարտային խաղերի հանդեպ մոլուցքը չանհետացավ անգամ կորոնավիրուսային պայմաններում: Երբ նրա ընտրած խաղատունը փակվեց, տղամարդը սկսեց խաղալ առցանց:
«Ավելի հարմար էր, ստիպված չէի գնալ Թբիլիսի: Բայց հիմա, երբ բացվեց խաղատունը, մի քանի անգամ գնացի մայրաքաղաք: Տեղում խաղալն այլ «մուղամ» ունի: Ճահիճ է, չպետք է սկսես խաղալ, թե չէ հետո դուրս գալ չես կարող: Սկզբում ասում էի, որ 1-2 լարիով կխաղամ, կզվարճանամ, հետո էլ վերջ կտամ, բայց հիմա անգամ չեմ փորձում, անիմաստ է, առանց սրա ապրել չեմ կարող: Մի քանի անգամ ծեր ծնողներս են վճարել իմ վարկերը: Ամեն ինչ կորցրեցի, բայց ինչ արած, սա է իմ կյանքն ու վերջ»:
Կինը չդիմանալով ամուսնու կախվածությանը, հեռացել է նրանից: Երբ խաղամոլն անցնում է «սահմանը», մասնագետները նրա վիճակը գնահատում են որպես կլինիկական պաթոլոգիա:
Ինքնակամ գերության զոհ է դարձել ևս մեկ երիտասարդ: Խաղերով տարվածությունը սկսվել է համաճարակի հետ: Երբ երկրում չեղարվեց լոքդաունը և ամեն ինչ բացվեց, հայտնաբերեց, որ վարկը գերազանցում էր մի քանի տասնյակ հազարը:
«Այլ ելք չկար, համարձակություն գտա և ասեցի ընտանիքիս, որ վարկեր ունեմ: Մայրս վատացավ, հայրս զայրացավ, ստիպված էի հեռանալ տնից, որոշ ժամանակ ապրում էի քրոջս տանը: Բայց ինչ կարող էին անել, վարկով գումար վերցրեցինք բանկից, փոխարենն առաջարկելով մեր բնակելի տունը: Խոստացա ծնողներիս, որ այլևս չեմ խաղալու և վարկն էլ ինքս եմ վճարելու: Ամսեկան 680 լարի եմ վճարում, մեկ տարուց ավել և դեռ 4 տարի սպասվում է առջևում: Փաստացիորեն, ամբողջ աշխատավարձս հանձնում եմ բանկին: Աստված չկամենա, որ աշխատանքս կորցնեմ, այլապես վճարել չեմ կարողանա և մեր տունը կխլեն: Հիմա զայրանում եմ ինքս ինձ վրա, թե ինչպես հասա այս ամենին, շատ անուղեղ էի»:
Մեր զրուցակիցներից ոչ մեկը չցանկացավ այս մասին բաց խոսել, անգամ այն դեպքում, երբ խնդիր չէին համարում ստեղծված իրավիճակը: Բայց մի բան հաստատ է՝ խաղամոլությունը 21 -րդ դարի ամենաբարդ մարտահրավերներից մեկն է: Դա ցավ է պատճառում ոչ միայն խաղամոլներին, այլև նրանց ամբողջ ընտանիքին: Հոգեբույժներն ասում են, որ լուդոմանիան ոչնչով չի զիջում թմրամոլությանը և ծխախոտամոլությանը: Այն բնութագրվում է նույն ախտանիշներով, ինչ, օրինակ, թմրամոլությունը `ֆիզիկական և հոգեբանական կախվածություն, ծախսերի անվերահսկելի աճ և ագրեսիա: Ժամանակակից հետազոտողները խաղամոլությունը դասում են ոչ քիմիական կախվածությունների խմբին, որովհետեւ խաղամոլության դեպքում կախվածության օբյեկտ է դառնում ոչ թե հոգեակտիվ նյութը, այլ վարքային պատտերնը: Սակայն հետազոտությունների եւ դիտարկումների արդյունքում բացահայտվել է, որ իր հիմնական հոգեֆիզիոլոգիական մեխանիզմներով եւ կլինիկական դրսեւորումներով այն ավելի շատ նման է քիմիական կախվածություններին։
Հոգեբանների կարծիքով, կորոնավիրուսի համաճարակն ու համաշխարհային մեկուսացումը խաղացողների համար ստեղծել են հրաշալի պայմաններ: Խաղերի հանդեպ ներքին մղումը ընկերություններից տեղափոխվել են առցանց խաղատներ: Այստեղ բացահայտվեց ևս մեկ կարևոր խնդիր՝ անչափահասները նույնպես խաղամոլությամբ տարվեցին, և Ախալցիխեն բացառություն չէ:
გააზიარეთ :