Ժամը 18։30-ից Հայաստանի արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է` ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հայտնում է Պաշտպանության նախարարությունը: Գրում է
shantnews.am-ը:
Ըստ ռազմական գերատեսչության` իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։
ՊՆ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հայկական կողմը կորուստներ ունի` առանց հստակ թիվ նշելու։
«Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
«Ներկայումս բախումները Քիլիսալի լեռան շրջակայքում դադարեցվել են, իրավիճակը հանդարտվել է, և գտնվում է վերահսկողության ներքո»,-հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր են ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ՝ երկու երկրների պաշտպանության նախարարների հետ Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցներից հետո»,-տեղեկացնում է ՌԴ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Այսօր առավոտյան ՊՆ-ն հաղորդեց, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ: