ՄԱԿ-ը նախազգուշացրել է 2022 թվականին պարենի պակասի պատճառով ճգնաժամերի վտանգի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհը կարող է աղետի առաջ կանգնել՝ կապված երկրների համար պարենի հասանելիության աճող խնդրի հետ, փոխանցում է Ինտերֆաքսը։
«Այս տարի պարենամթերքի հասանելիության հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել հաջորդ տարի սննդի գլոբալ սղության: Ոչ մի երկիր զերծ չի մնա նման աղետի սոցիալական և տնտեսական հետևանքներից»,- Գուտերեշի խոսքերն է մեջբերում Associated Press-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ իրական վտանգ կա, որ 2022 թվականին աշխարհը կարող է ապրել սովի պատճառով առաջացած մի քանի ճգնաժամեր։ Նրա կանխատեսմամբ՝ 2023 թվականին իրավիճակը միայն կվատթարանա։
Աֆրիկայում, Ասիայում և Ամերիկայում բերքահավաքը կարող է սովորականից ավելի վատ լինել, քանի որ ֆերմերները պայքարում են պարարտանյութերի և էներգիայի գների աճի հետ:
Նա նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ն աշխատում է գործարքի ուղղությամբ, որը թույլ կտա Ուկրաինային սննդամթերք արտահանել, այդ թվում՝ Սև ծովով, և թույլ կտա Ռուսաստանին սննդամթերք և պարարտանյութ մատակարարել համաշխարհային շուկաներ առանց սահմանափակումների։