«Այնքան սովոր ենք ցնցումներին, որ չենք էլ զգում»,- Սամեբան երկրաշարժից հետո
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղում տեղի ունեցած երկրաշարժերից հետո ոչ ոք չի հետաքրքրվել, թե ինչ վիճակում են տեղացիները։ Նրանց խոսքով, եթե լրագրողներն ու երկրաշարժերը չլինեին, գյուղի մասին ոչ ոք չէր իմանա, իսկ Սամեբան հիշում են միայն ընտրություններից առաջ։
«Առաջին երկրաշարժը վաղ առավոտյան էր, ժամը ութին մոտ, շատ ուժեղ ցնցում էր, ամբողջ տունը ցնցեց։ Երկրորդ հետցնցումը կրկնվել է մոտ 10 ժամ անց՝ համեմատաբար ավելի քիչ հզորությամբ: Իսկ երրորդը՝ ցերեկը։ Վերջին երկու տարում մեր մոտ երկրաշարժերն ավելի հաճախակի են դարձել, նախկինում նման հզորություն չեմ հիշում։ Տների վրա ճաքեր է ավելացել, չգիտենք՝ վերականգնումը տեղի կունենա, թե ինչ-որ մեկը մեզ կօգնի։ Եթե լրագրողներն ու երկրաշարժերը չլինեին, այս գյուղը լրիվ կմոռացվեր»,- ասում է Սամեբա գյուղի բնակիչներից մեկը։
Սամեբայում մեկ օրում տեղի ունեցած երեք երկրաշարժերը բնակիչների համար սովորական էր: Ասում են՝ գյուղում երկրաշարժերն այնքան հաճախ են լինում, որ երբեմն չեն էլ զգում։
«Դա սովորական երեւույթ է դարձել, մենք հանգիստ ենք»,- ասում են Սամեբա գյուղում։